Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Ն.Բորդյուժայի հետ
17 June, 2008 00:00Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ս.թ. հունիսի 17-ին հանդիպեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարության հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հավաքական անվտանգության համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահ գործունեությանը, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաուսումնական և ռազմատնտեսական համագործակցությանը նպաստող հարցեր: Քննարկվեցին նաև ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների կայանալիք հերթական նիստի օրակարգային հարցեր. ի դեպ, այս անգամ խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանը:
Հանդիպմանը կարևորվեց հատկապես «Ռուբեժ 2008» հրամանատարաշտաբային զորավարժության անցկացումը, ինչպես նաև քննարկվեցին կազմակերպչական որոշ հարցեր:
Կողմերն անդրադարձան նաև Միացյալ ռազմական համակարգերի ստեղծմանն ու գործունեությանն առնչվող խնդիրների: