Տոնական միջոցառումներ` նվիրված հետախույզի օրվան

8 November, 2008 00:00
Ս.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն այցելեց Նուբարաշենում տեղակայված ՀՀ ՊՆ հատուկ նշանակության գունդ` մասնակցելու գնդի 16-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը, որին մասնակցում էին նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը, Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող ռազմական կցորդներ, պաշտոնատար այլ անձիք:

Միջոցառումը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արշակ Կարապետյանը, որը շնորհավորեց անձնակազմին` վերոնշյալ տոնի կապակցությամբ` իր խոսքում նշելով հատուկ նշանակության ստորաբաժանումների կարևորությունը, ինչպես նաև կազմավորման և անցած ուղու մանրամասներ: Ապա ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, որը շնորհավորեց հատուկ նշանակության գնդի անձնակազմին` իր խոսքում նշելով, որ ամեն տարի այս օրը ՀՀ զինված ուժերում հանդիսավորությամբ տոնվում է հետախույզի օրը: Նրանք, որ առաջինները ներգրավվեցին այս ազատագրական պայքարում` թշնամու մասին տեղեկություններ և մանրամասը տվյալներ տրամադրելով կազմավորվող ջոկատներին: Ապա նախարարը կարևորեց հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումների դերը զինված ուժերում, ընդգծելով, որ այսօր էլ վերջիններս շարունակում են բարդ խնդիրներ իրականացնել, այնուհետև հավելեց, որ նշված ստորաբաժանումների զինծառայողները հպարտությամբ պետք է իրականացնեն իրենց ծառայությունը: Այնուհետև շնորհավորական ելույթներին հաջորդեցին հատուկ գնդի զինծառայողների ցուցադրական ելույթները, որոնց ընթացքում վերջիններս ցուցադրեցին զենքի և մարտարվեստի տիրապետման բարդ հնարքներ: Նման ելույթներվ հանդես եկան նաև «Բերկուտ» թիկնապահական քոլեջի սաները և ԼՂՀ համանուն ստորաբաժանումների զինծառայողները: Միջոցառման ավարտին պատվոգրերով և գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին հատուկ նշանակության ստորաբաժանումների որոշ զինծառայողներ: Միջոցառումն ավարտվեց հանդիսավոր քայլերթով, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, միջոցառման շրջանակներում, պատասխանեց լրագրողների հարցերին: Նախարարը մասնավորապես խոսեց ս.թ. մայիսի 25-ին ադրբեջանական կողմին գերի ընկած, ժամկետային զինծառայող Պարույր Սիմոնյանի ճակատագրի մասին` նշելով, որ հայկական կողմն անում է ամեն հնարավորը` Պ.Սիմոնյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Իսկ հայկական կողմում գտնվող ադրբեջանցի գերու առնչությամբ Ս.Օհանյանը հայտնեց, որ 1989թ. ծնված, ժամկետային զինծառայող Ռաֆիգ Հասանովը գերի է ընկել ս.թ. հոկտեմբերի 8-ին: Նախարարը նաև հաստատեց այն փաստը, որ ըստ վերջինիս կողմից արված հայտարարության, Ռ.Հասանովը ցանկություն չունի վերադառնալ իր հայրենիք: