Ամփոփվել է 45-օրյա բարձրագույն սպայական հավաք-դասընթացը

2 Апреля, 2015 00:00
ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել է «Ռազմական ղեկավարում» մասնագիտությամբ 45-օրյա բարձրագույն սպայական հավաք-դասընթացը, որին ընդգրկված էին ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների, առանձին բաժինների, ինչպես նաև բանակային զորամիավորումների ղեկավար կազմերի ներկայացուցիչները:

Փետրվարի 9-ից մինչև ապրիլի 1-ը անցկացված հավաք-դասընթացը ղեկավարում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով արդեն երկրորդ անգամ անցկացվող հավաք-դասընթացի շրջանակում այս տարի տեղ էին գտել որոշ փոփոխություններ, ուսումնական ծրագրում ավելացել են շուրջ 20 նոր թեմաներ, որոնց յուրացումն առավել բարձրացնում է դասընթացում ընդգրկված սպաների մասնագիտական պատրաստվածությունը: Դասախոսությունների և սեմինարների միջոցով անցկացված հավաք-դասընթացի մասնակիցներն ուսումնասիրել են ժամանակակից և հիբրիդային պատերազմների բնույթը, ռազմարվեստի պատմությունը, անդրադարձել են մարտական առանձին գործողությունների վերլուծությանը: 45-օրյա հավաք-դասընթացի ավարտին` ապրիլի 1-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Ողջունելով և բարձր գնահատելով անցկացված հավաքների դերը զինված ուժերի սպայակազմի մասնագիտական ունակությունների բարձրացման գործում` ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նկատել է, որ դեռևս նախապատրաստական փուլում հատուկ ուշադրություն է դարձվել հավաքի մասնակիցների ընտրությանը և ներգրավվել են առավել պատրաստված, փորձառու և խոստումնալից սպաները: ԶՈւ ԳՇ պետը փաստել է նաև, որ ռազմաքաղաքական ներկա անկայուն իրավիճակում, երբ հակառակորդը չի հրաժարվում իր նկրտումներից, խաղաղության պահպանման միակ երաշխիքը սպայական արհեստավարժ հրամկազմով և փորձառու զինծառայողներով համալրված մարտունակ բանակն է:
  • Поделиться