Կոսովո մեկնեց հայ խաղաղապահների հերթական հերթափոխը
8 Декабря, 2008 00:00Ս.թ. դեկտեմբերի 8-ին Երևանի մայրաքաղաքային գնդում տեղի ունեցավ հայ խաղաղապահների հերթական` 10-րդ հերթափոխի` Կոսովո ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ՀՀ ԶՈւ սպայակազմի այլ ներկայացուցիչներ:
Նշենք, որ խաղաղապահ առաքելության մեկնած նախորդ` 9-րդ հերթափոխը Հայաստան է վերադարձել ս.թ. դեկտեմբերի 7-ին:
Միջոցառումը մեկնարկեց ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա.Սիմոնյանի զեկույցով, որից հետո խաղաղապահներին իր խոսքն ուղղեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը` նշելով, որ այսօր Կոսովո է մեկնում շուրջ 70 զինծառայող` բարի գործ կատարելու. ապահովելու տեղի ազգաբնակչության անվտանգությունը և օգնելու վերջիններիս:
Ապա գեներալ-գնդապետը անձնակազմին ցանկացավ ամուր կամք և բարի վերադարձ հայրենիք:
Կոսովո մեկնող խաղաղապահ վաշտի ճանապարհման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց խաղաղապահ գումարտակի հանդիսավոր քայլերթով: