AF Air Defence Troops Departament
Վարչության գործունեության մասին
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի կազմավորումը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերումից հետո։
1991թ. ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՀՀ-ում գտնվող բոլոր զենիթային հրթիռային համալիրները, ինչպես նաև ռադիոլոկացիոն միջոցները հանված էին մարտական վիճակից և գտնվում էին անորոշ վիճակում։
1992թ. սեպտեմբերի 14-ի ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է հակաօդային պաշտպանության վարչությունը։
Վարչության ստեղծմանը հետևեց ՀՕՊ զորքերը համապատասխան սպայական և ենթասպայական կազմով համալրելու գործընթացը։ Միաժամանակ 1992թ. պլանավորվեց և իրագործվեց նախկինում ՀՕՊ զորքերում ծառայած պահեստայինների զորակոչը։ Զորակոչվեց մոտ 400 սպա և ենթասպա:
Ազատամարտի ընթացքում ստեղծվեցին հրամանատարական կետեր, զորամասերի և ստորաբաժանումների կառավարման ցանց և մի ամբողջ զենիթային հրթիռային ու ռադիոլոկացիոն համակարգ, որն էլ դրվեց մարտական հերթապահության։
ՀՕՊ-ի համալիրի ստեղծման գործում առանձնակի դեր խաղացին զինված ուժերի կազմավոր¬ված զորամասերի անձնակազմերը, որոնք ծանրագույն պայմաններում դժվարանցանելի ճանպարհներով տեխնիկան տեղափոխում էին սահմանային գոտիներ: Տեխնիկայի թիվն հասնում էր հարյուրավոր միավորների։
Մոտոհրաձգային գնդերում և բրիգադներում ստեղծվեցին միաժամանակ հակաօդային պաշտպանության թեթև օղակներ, որոնք հետագայում վերածվեցին մարտկոցների և դիվիզիոնների։
Զենիթային հրթիռային տեխնիկայի ճիշտ տեղաբաշխումը և արդյունավետ օգտագործումը երաշխիք հանդիսացավ հակառակորդի օդային ուժերի կասեցմանը, մեր զորքերի ապահով առաջխաղացմանը և, որ ամենակարևորն էր, այն նպաստեց բնակչության և զորքերի ողջ անձնակազմի մարտական ոգու բարձրացմանը և հավատը դեպի հաղթանակ։
1992-1994թթ. մարտերի ընթացքում հակաօդային պաշտպանության զորքերը ոչնչացրել են հակառակորդի տասնյակից ավելի ինքնաթիռ և ուղղաթիռ, մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա: Իսկ հակառակորդի առաջին ինքնաթիռը խոցվել է 1992թ. ապրիլի 16-ին «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանքով:
ՀՕՊ կազմակերպման փորձառությունը, որը ձեռք էր բերվել պատերազմի ընթացքում, ներկայումս նույնպես պահպանում է իր նշանակությունը` կարևոր ուղղություններում օգտագործելով իր հզորությունը և միջոցները, մարտական գործողությունների և զորաշարժերի ընթացքում պահպանելով այլ զորամասերի և ստորաբաժանումների հետ փոխգործողությունները և ներդաշնակությունը։
ՀՕՊ զորքերի զարգացմանը և կատարելագործմանը կարևոր և առանձնահատուկ դեր խաղաց ԱՊՀ երկրների«ՀՕՊ-ի համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի ստորագրումը:
Սկսած 1999թ. ապրիլի 15-ից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարու¬թյան հետ համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության ՀՕՊ զորքերը։
ԱՊՀ մասնակից երկրների ՀՕՊ միացյալ համակարգի համատեղ միջոցառումների ծրագրի համաձայն, սկսած 1999թ. երկու տարին մեկ ՌԴ ՌՕՈՒ պետական զորավարժարանում (Աշուլուկ) անցկացվում են մարտական հրթիռահրաձգությամբ համատեղ մարտավարական զորավարժություններ:
ՀՕՊ ԶՈՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ
ՀՀ օդային տարածությունում պետական սահմանի անառիկության ապահովումը, իսկ ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ մի¬ացյալ համակարգի կազմում` ՌԴ ռազմական բազայի ՀՕՊ և ավիացիայի ուժերի ու միջոցների հետ, հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանի օդային տարածությունում, ԶՈՒ ՀՕՊ զորքերի առջև դրված մարտական խնդիրների կատարումը:
ՀՕՊ ԶՈՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ
- շարունակել ՀՕՊ զորքերի մարտական պատրաստականության վիճակի պահպանումը, բարձրացնել ՀՕՊ զորամասերի գործունեության արդյունավետությունը,
- օդային տարածությունում պետական սահմանի (շփման գծի) խախտումները կանխարգելելու և բացառելու, հերթապահ ուժերով ու միջոցներով օդային հակառակորդի հանկարծակի հարվածները հետ մղելու նպատակով հերթապահ ուժերն ու միջոցները մշտապես պահել համապատասխան պատրաստականության վիճակում,
- կատարելագործել զորքերի մարտական կառավարման համակարգը, վերազինել ՀԿ (ԿԿ)-ները:
ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սահմանված ժամկետներում պատշաճ մակարդակով կազմակերպվել և անցկացվել են ՀՕՊ զորքերի պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները:
ՌԴ-ի «Աշուլուկ» զորավարժարանում ս.թ. սեպտեմբերի 3-ից 10-ը ընկած ժամանակահատվածում «Մարտական ընկերակցություն-2015» մարտական հրաձգու¬թյամբ զորավարժության ժամանակ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները գերազանց կատարեցին իրենց առջև դրված խնդիրները:
Ներկայումս աշխատանքներ են տարվում ՀՕՊ կառավարման համակարգի ավտոմատացման և կատարելագործման ուղղությամբ: