ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը ՀՀ ԶՈՒ կազմավորման 18-րդ տարեդարձին նվիրված հանդիսության ժամանակ

28 January, 2010 00:00
Մեծարգո պարոն Նախագահ,պարոնայք գեներալներ և սպաներ,հարգարժան հյուրեր,տիկնայք և պարոնայք

Այսօր մեր պետության և ժողովրդի համար առանձնահատուկ տոն է. Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գլխավոր երաշխավորը` հայոց բանակը, բոլորեց իր 18-ամյակը: Ճիշտ նորակոչիկ զինվորի տարիք, երբ առաջին անգամ զինվորական համազգեստ են հագնում, առաջին անգամ մուտք գործում զորամաս, զենք վերցնում և ապա հանդիսավոր երդվում անմնացորդ ծառայել հայրենիքին: Այնինչ մեր բանակը, որ ծնունդ է առել պատերազմի բոցերի միջից, այս ամենը հարկադրաբար անցել է իր ծննդյան առաջին իսկ օրերից, թրծվել ու առնականացել է ռազմական ծանր գործողությունների բովում, ձեռք բերել մարտական փորձ ու հմտություն, սովորել աննահանջ ու հաստատակամորեն հաղթահարել բոլոր դժվարությունները, մաքառել և հաղթել: Եվ այսօր ահա մեր 18-ամյա բանակը ներկայանում է ոչ թե իբրև մի անփորձ պատանի, այլ արդեն լիովին հասուն այր` կայացած, հզոր ու հաղթական:

1988-ի համազգային արդարացի ընդվզումը համախմբեց մեր ժողովրդի ամբողջ ուժն ու եռանդը, ի մի բերեց աշխարհասփյուռ հայության ներուժը և ուղղեց դեպի հայոց սահմաններ: Պատերազմ էր, ծանր ու անողոք պատերազմ, որում, սակայն, հաղթանակի գինը անչափ բարձր էր. կշեռքի նժարին էր դրված հայրենի երկրի ազատությունը: Եվ այդ նվիրական նպատակին էր ուղղորդվել ամեն բան` հայորդիների անկոտրում կամքն ու ոգեղեն զորությունը, հանուն հայրենիքի ինքնազոհաբերման պատրաստակամությունը: Ահա սրանք էին մեր հաղթաթղթերը Արցախի ինքնորոշման համար մղվող պայքարում, որոնք, զուգորդվելով մեր զորքերի մարտական պատրաստության բարձր աստիճանին, մեր ժողովրդի ազատասիրությանն ու համախմբվածությանը, վճռորոշ եղան պատերազմի վերջնական ելքի համար: Պատահական չէ, որ հակառակորդը, մշտապես ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի գերազանցություն, տանուլ տվեց բոլոր վճռորոշ ճակատամարտերը: Մեր բանակը լիարժեք կազմավորման և համալրման խաղաղ ժամանակահատված չունեցավ: Հետզհետե սաստկացող ռազմական գործողություններն իրենց կնիքը թողեցին բանակի կազմավորման գործընթացի վրա` պարտադրելով կանոնավոր ստորաբաժանումները, ռազմական գերատեսչության կառույցը ձևավորել հնարավորինս կարճ ժամանակահատվածում: Այդ ամենն իրականացվում էր անմիջապես պատերազմի թոհուբոհում. կանոնավոր ստորաբաժանումները կազմավորվում էին ռազմական գործողություններին զուգընթաց և անմիջապես մարտի մեջ մտնում: Եվ հաղթում էին, քանզի հայ ռազմիկի ոգին ամուր էր, մղած կռիվը` արդարացի: Նրանց` հայոց ազգային բանակի նորակազմ կանոնավոր զորամասերին ենք պարտական Արցախյան պատերազմում կերտած մեր վերջնական հաղթանակի համար: 1994թ. զինադադարից հետո սկսվեց հանրապետության զինված ուժերի լիարժեք կայացման և կատարելագործման, ռազմի դաշտում կուտակած մարտական հարուստ փորձը տեսական գիտելիքներով հարստացնելու գործընթացը: Եվ արդեն շուրջ երկու տասնամյակ մեր բանակը հաջողությամբ կատարում է հայոց սահմանների պահպանության, բնակչության անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրը: Զինված ուժերի զարգացման և բանակաշինության հարցերը նշված ժամանակամիջոցում մշտապես եղել են հանրապետության ղեկավարության և ժողովրդի ուշադրության կենտրոնում: Այսօր արդեն, ի հպարտություն բոլորի, մեր զինված ուժերը միջազգային ռազմական վերլուծաբանների գնահատմամբ պատրաստվածության մակարդակով բնավ չի զիջում տարածաշրջանի մեր հարևան պետություններին և անգամ գերազանցում է նրանց կազմակերպվածության, մարտական ոգու և առաջադրված խնդիրները պատվով ու պատասխանատվությամբ կատարելու առումով: Այլոց քանակական գերազանցությանը մենք հակադրում ենք մեր զինծառայողների մասնագիտական բարձր պատրաստվածությունը, մարտական ոգին և նվիրվածությունը: 2009թ.-ին շարունակելով հավատարիմ մնալ իր կոչմանը` բանակը պատվով է կատարել գլխավոր խնդիրը, այն է` ՀՀ և ԼՂՀ սահմանների անվտանգության ապահովումը արտաքին ոտնձգություններից: Պլանային կարգով շարունակվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության մակարդակի բարձրացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման, սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության ապահովման կարևոր միջոցառումներ: Մշտական բարձր մարտական պատրաստականության և գործնական գիտելիքների բարձրացման գործում մեծ է զորավարժությունների դերը: Դաշտային երթերին, շտաբային զորավարժություններին ու մարզումներին զուգահեռ` անցած տարի անցկացվեցին նաև օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնք զինված ուժերի պատմության մեջ ծավալով առաջինն էին և զորամիավորումների մարտական պատրաստության բաժինների ու զորամասերի հրամանատարների աննախադեպ ստուգողական հավաքի հետ միասին կատարելագործեցին ղեկավար և հրամանատարական կազմի տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, բարձրացրին ստորաբաժանումների ներդաշնակման և մարտական խնդիրների կատարման աստիճանը: Նշանակալիորեն աճեց հայրենական ռազմարդյունաբերական համալիրի ծավալն ու կշիռը ԶՈՒ սպառազինության համալրման, զենքի և զինտեխնիկայի լիարժեք սպասարկման և վերանորոգման, պաշտպանական նշանակության արտադրատեսակների մշակման, արտադրական տեխնոլոգիաների ստեղծման ոլորտներում: Հագեցվեց և արդիականացվեց բանակի նյութատեխնիկական բազան: ՀՀ ղեկավարության հարաճուն հոգածությունը` ուղղված հանրապետության ռազմարդյունաբերական ոլորտին, ռազմական գիտության ու տեխնիկայի զարգացմանը, լուրջ նախադրյալներ է ստեղծում, որ մոտ ապագայում այս ոլորտը դառնա ավելի արդյունավետ և բարեփոխված: Հատուկ ուշադրություն է դարձվել դաստիարակչական աշխատանքներին, որոնք նպատակաուղղվել են զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և զինվորական կարգապահության ամրապնդմանը, գաղափարական, հոգեբանական, իրավական դաստիարակության մակարդակի բարձրացմանը: Կարելի է ասել, որ մարտունակության բարձրացման գլխավոր նախապայմանը անձնակազմի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ամրապնդումն է` հրամանատարի և զինվորների փոխադարձ վստահության և հարգանքի առկայությունը, մարտական առաջադրանքի կատարման համար երկուստեք հավասարաչափ պատասխանատվության գիտակցումը: Առաջին հերթին սրանով էր ուժեղ մեր բանակը Արցախյան ազատամարտի ժամանակ, և այս ավանդույթի պահպանումն ու խորացումը պետք է դառնան մեր առաջնահերթ խնդիրներից մեկը, նոր հաջողությունների և հաղթանակների գրավականը: Մարտունակության բարձրացման կարևորագույն գործոններից են ռազմական համագործակցությունը այլ երկրների զինված ուժերի հետ, փորձի փոխանակումը, մասնակցությունը համատեղ զորավարժություններին: 2009թ. շարունակվել է ռազմական համագործակցության ընդլայնումը ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում, այնպես էլ այդ կազմակերպությունների անդամ պետությունների և Հայաստանի մյուս գործընկերների հետ: Լուրջ հիմքեր են ստեղծվել միջազգային ռազմական համագործակցության աշխարհագրության ընդլայնման համար: Հարկ է նշել, որ մենք անվտանգության հարցում սոսկ պասիվ հայեցող լինելու իրավունք չունենք և պարտավոր ենք մեր հնարավորությունների չափով մասնակցել միջազգային անվտանգության ամրապնդման գործընթացին: Ի լրումն այդ ամենի` միջազգային համագործակցության խորացումն առավել անխոցելի է դարձնում մեր երկրի անվտանգությունը: Անցյալ տարի ՀԱՊԿ շրջանակներում իրականացված աշխատանքների առանցքը հունիսի 14-ին Հայաստանի նախագահությամբ Մոսկվայում անցկացված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում «ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի» մասին համաձայնագրի ստորագրումն էր: Այժմ ընթացքի մեջ է այդ ուժերին մեր կողմից տրամադրվող ստորաբաժանումների համալրման և արդիական սպառազինությամբ ապահովման գործընթացը: ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստանում կայացած «Փոխգործակցություն-2009» զորավարժությանը մասնակցեց նաև ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային վաշտը` ստանալով «լավ» գնահատական: Ուրախալի է, որ «լավ» գնահատականի արժանացավ նաև ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի 1-ին հրաձգային գումարտակը: Մեր պաշտպանական քաղաքականության իրականացման շրջանակում շարունակվում է միջազգային համագործակցությունը ոչ միայն ՀԱՊԿ, այլև ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ թե երկկողմ և թե բազմակողմ համագործակցության շրջանակում: Պետք է ասել, որ մեր ստանձնած պարտավորությունների կատարումը ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդաժողովներում մշտապես բարձր գնահատականի է արժանանում: Կոսովոյում միջազգային խաղաղարար առաքելության ժամանակ իրենց մասնագիտական հմուտ գործողություններով աչքի ընկան մեր խաղաղապահ բրիգադի մարտիկները` վերահաստատելով իրենց բարձր վարկը և կայուն ու հուսալի գործընկերոջ համբավը, որ վաստակել էին նախորդ տարիների անբասիր ծառայությամբ: Շուտով մեր զինծառայողները կստանձնեն Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողությունների մասնակցի պարտականությունները, վստահ եմ` պարտքի այն նույն խորը գիտակցմամբ, որ իրենք հայոց պետությունն ու բանակն են ներկայացնում: Հաշվի առնելով տարածաշրջանային բարդ քաղաքական զարգացումները` Հայաստանի Հանրապետությունը պարտադրված է շարունակաբար կատարելագործելու իր զինված ուժերը` բոլոր մարտահրավերներին դիմագրավելու և հավանական վտանգները չեզոքացնելու համար: Ըստ այսմ` պետք է անընդհատ գործել ժամանակի առաջադրած պահանջներին համահունչ: Այս առումով շատ կարևոր են տարվա ընթացքում իրականացված պաշտպանական բարեփոխումները, որոնց նպատակը արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն և ժամանակակից պաշտպանության համակարգի ստեղծումն է, որն ի զորու կլինի արդյունավետորեն իրականացնել ՀՀ ռազմական անվտանգության ապահովումը: 2009 թվականին հաջողությամբ գործարկվեց ՊՆ և ԶՈՒ ԳՇ նոր կառուցվածքը, ակտիվացավ պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրման գործընթացը, իրականացվեցին պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացի պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակման աշխատանքները, և սկսվեց ռազմական առաջադրանքների որոշման և սահմանման փուլը, կենտրոնական ապարատում ներդրվեց քաղաքացիական հատուկ ծառայության համակարգը: Նոր հիմքերի վրա դրվեց ռազմավարական պլանավորումը: Կառուցվածքային բարեփոխումները շարունակվում են, զորքերում հաջողությամբ ներդրվում և աստիճանաբար աճում է պայմանագրային զինծառայության նշանակությունը: Բարեփոխումների շրջանակներում իրականացվեցին նաև կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնց շնորհիվ իրավական կանոնակարգման ենթարկվեցին մի շարք ոլորտներ: Փոփոխություններ կատարվեցին «Զինվորական ծառայության մասին» և «Զինապարտության մասին» օրենքներում: Ազգային ժողով և Կառավարություն ներկայացվեցին սպառազինության ու ռազմական տեխնիկայի արտահանման և ներմուծման վերահսկողության գործընթացը միջազգային անվտանգության ապահովման շրջանակներում կանոնակարգող օրենքների նախագծեր: Երկրի պաշտպանունակության, անվտանգության ապահովումը ողջ ժողովրդի, հասարակության յուրաքանչյուր անդամի սուրբ պարտականությունն է: Եվ սրա համընդհանուր գիտակցման համար շատ կարևոր է բանակ-հասարակություն կապերի բարձր մակարդակը, որի ուղղությամբ ևս բավականին ընդգրկուն աշխատանքներ կատարվեցին. ստեղծվեց պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը, որը կոչված է հասարակության ավելի մեծ ներգրավվածություն ապահովելու բանակի հիմնահարցերի լուծման գործում: Զգալի աշխատանք է կատարվել նաև կրթական համակարգի և բանակային կառույցի փոխներգործության ուղղությամբ: Հանրապետության 1450 հանրակրթական դպրոցներ կցագրվել են ԶՈՒ զորամասերին, իսկ առաջատար բուհերը` ՊՆ համապատասխան ղեկավար անձանց: Բուհերի հետ արդյունավետ համագործակցությունը առանձնապես կարևոր է ռազմական ոլորտում հասարակության գիտական ներուժի օգտագործման տեսանկյունից: Շարունակվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները: Լայն թափ է առել բնակարանային շինարարությունը, տարվա ընթացքում շահագործման են հանձնվել տասնյակ բնակելի շինություններ, ինչի շնորհիվ հարմարավետ բնակարաններով ապահովվել են շուրջ 400 զինծառայողների ընտանիքներ: Այդ ամենից զատ` բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն է հատկացվել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ևս 400 ընտանիքների: Զգալի աշխատանքներ են կատարվել զինծառայողների, նաև զոհված, մահացած և անհայտ կորած, ինչպես նաև հաշմանդամ դարձած զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ուղղությամբ: Թեև ընթացիկ տարում ևս առաջնորդվելու ենք «ՀՀ ԶՈՒ պատրաստությանը` նոր որակ, պաշտպանական բարեփոխումներին` հաստատուն ընթացք» կարգախոսով, այնուամենայնիվ 2010 թվականը զինված ուժերում հայտարարված է «Գիտելիքների տարի»: Սա նշանակում է, որ իրականացվող պաշտպանական բարեփոխումները պիտի խարսխվեն բանակի մարտունակությունը պայմանավորող ամենակարևոր գործոնի` գիտելիքի վրա: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու զինծառայողների անհատական պատրաստությանը` մասնագիտական որակների ու ֆիզիկական պատրաստվածության կատարելագործմանը: Վստահ եմ` համատեղ աշխատանքով մեզ կհաջողվի կյանքի կոչել մեր բոլոր ծրագրերը: Հարկավոր է միայն անխախտ վստահություն ունենալ սեփական ուժերի հանդեպ, հավատով նայել ապագային, համախմբվել և անխոնջ ու եռանդուն լծվել աշխատանքի: Մենք հաղթանակած բանակ ենք, խաղաղության կողմնակիցներ: Եվ այսօր հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հաճախակի հնչող ռազմաշունչ հայտարարությունները մեզ ոչ թե սարսափ են ազդում, այլ զգոնության և անընդմեջ կատարելագործման են կոչում, քանզի խաղաղության պահպանման լավագույն միջոցը հակառակորդին հզոր ռազմական ուժ հակադրելն է: Մեծարգո պարոն Նախագահ, հարգարժան հյուրեր 2010թ. լրանում է Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 65-րդ տարեդարձը: Արդեն 65 տարի է անցել, երբ մեր ժողովրդի պատերազմական սերունդն իրեն վիճակված ծանր փորձությունից դուրս եկավ պատվով` հաղթանակած: Հաղթանակը վերահաստատեց այն իրողությունը, որ մեր ժողովուրդը վտանգի պահին ի զորու է համախմբելու իր ուժերը և թեկուզ ծանր զոհողությունների, թեկուզ անդառնալի կորուստների գնով հասնելու արդյունքի: Մեր ժողովուրդը հաղթեց` ոչ միայն հաջորդ սերնդին փոխանցելով հաղթանակի բերկրանքը, այլև դաստիարակելով նոր` հաղթողի հոգեբանությամբ սերունդ, որը դարձավ իր հերոս պապերի ու հայրերի արժանի ժառանգորդը` փառահեղ հաղթանակ կռելով Արցախյան գոյամարտում: Շնորհավորում եմ մեր ժողովրդին Հայոց ազգային բանակի կազմավորման 18-րդ տարեդարձի առթիվ:Հավերժ փառք և խոնարհում հայրենի երկրի ազատության համար ընկած հերոսների հիշատակին: Փառք հայ զինվորականությանը, այն զինվորին, ով այս պահին, աչալուրջ կանգնած մեր հայրենիքի սահմանագլխին, խաղաղություն է պարգևում մեր ժողովրդին: Ծնունդդ շնորհավոր, հայոց բանակ: Մենք դեռ շատ բան պիտի ապացուցենք. մնալով հաղթողի մեր դիրքում, անառիկ պահելով նվիրական խաղաղությունը` բոլորին ներշնչենք նույն համոզմունքը, որ դրության տերը նա է, ով վերջին տասնամյակների և ընդհանրապես բոլոր ժամանակների ամենափայլուն ռազմական հաղթանակներից մեկի հեղինակն է: Եվ յուրաքանչյուրիս մեջ գլուխ պիտի բարձրացնի այն նույն հպարտությունը, որ մենք ազգովին հավաքական մի ուժ ենք, ու մեր անունն է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ: