Հունգարիայի ՊՆ պատվիրակությունը Հայաստանում

29 January, 2010 00:00
Հունվարի 27-ից 29-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Հունգարիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: Այցի նպատակը պաշտպանական բնագավառում հայ-հունգարական կապերի ամրապնդումն էր: Հունգարական պատվիրակության անդամները հունվարի 27-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Հյուրերը եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ներկայացված ցուցանմուշներին: Պատվիրակության ղեկավար, հունգարական բանակի գեներալ-լեյտենանտ Յոժեֆ Հոլլոն գրառումներ կատարեց թանգարանի հուշամատյանում:

Այցի շրջանակներում հունվարի 29-ին պատվիրակության անդամները եղան ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանում, որտեղ բացվեց հայ-հունգարական դարավոր գործընկերությանը նվիրված ցուցահանդես: Ներկայացված ցուցանմուշներն արտացոլում են հունգար ժողովրդի պատմությունն ու ռազմարվեստը, հունգարական բանակում ծառայած հայազգի սպաների կյանքն ու սխրանքը: Միջոցառմանը ներկա ՊՆ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները համագործակցության համար շնորհակալություն հայտնեցին հունգար գործընկերներին: Գեներալ-լեյտենանտ Յոժեֆ Հոլլոն հայկական կողմին հանձնեց հուշանվերներ և վստահություն հայտնեց, որ նմանաբնույթ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն