Ատենախոսության պաշտպանություն ՀՀ ՊՆ ԱՀՌԻ-ում
12 February, 2010 00:00Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանը, ԵՊՀ ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը, ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանը, քաղաքագիտության և պատմական գիտությունների այլ առաջատար մասնագետներ:
Նիստի օրակարգում էր Երևանի պետական համալսարանի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Մարգարովի «Կիսանախագահական կառավարման ձևը հետխորհրդային տարածաշրջանում» ատենախոսության պաշտպանությունը: «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսությունը արժանացավ բարձր գնահատանքի, իսկ հնչած դիտողություններին ատենախոսը տվեց սպառիչ պարզաբանումներ:
Խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ԱՌՀԻ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը նշեց, որ պաշտպանական-անվտանգային քաղաքագիտության բնագավառում ատենախոսության թվով երկրորդ հրապարակային պաշտպանությունը նշանակալից իրողություն է, ինչը նպաստում է գիտական այս բնագավառի զարգացմանը: Կարևորվեց այն հանգամանքը, որ պաշտպանությունն իրականացվում է Ինստիտուտի համար կարևոր իրադարձություն հանդիսացող հետբուհական ուսուցման` ասպիրանտուրայի ստեղծման նախաշեմին: Բարձր գնահատելով ատենախոսության պաշտպանության կազմակերպումը Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում` ներկաները փաստեցին, որ իր ակադեմիական զարգացման ընթացքում ինստիտուտը սկսել է հանդես գալ որպես գիտական բարձրագույն որակավորման կադրերի պատրաստման առաջատար հաստատություն: Ինստիտուտը խորացնում է համագործակցությունը աշխարհի մի շարք առաջատար գիտակրթական կենտրոնների հետ, պաշտպանական և անվտանգային բնագավառներում շարունակում է համախմբել ազգային մտավոր ներուժը և նպաստել ակադեմիական միջավայրի ձևավորմանն ու զարգացմանը:
Խորհրդի քննարկմանը հետևեց քվեարկությունը, որի արդյունքով Ալեքսանդր Մարգարովին շնորհվեց քաղաքական գիտությունների դոկտորի գիտական կոչում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն