ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԲԱՑՈՒՄ ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ՈՒՄ

15 February, 2010 00:00

Փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստի¬տուտում տեղի ունենացավ «Քաղաքական ինստիտուտներ ու գործընթացներ» մասնագիտությամբ ասպիրանտուրայի բացումը, որին մասնակցում էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԱՌՀԻ-ի գիտական խորհրդի անդամները:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ԱՌՀԻ-ի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը բարձրաստիճան հյուրերին ներկայացրեց ասպիրանտուրայի ծրագիրը և հեռանկարները: Նա նշեց, որ ծրագիրը նպատակ ունի պատրաստելու պաշտպանական-անվտանգային քաղաքագիտության ոլորտում ԱՌՀԻ-ի հետ համագործակցող առաջատար մասնագետների, ստեղծելու նրանց գործնական հետազոտական հմտությունների զարգացմանը նպաստող միջավայր: Դոկտոր Քոթանջյանը նշեց նաև, որ ծրագիրն իրականացվելու է ասպիրանտների ու հայցորդների համար անհատական ուսումնական ծրագրերի մշակմամբ ու հաստատմամբ, Ինստիտուտի ընթացիկ նախագծերի շրջանակներում հետազոտական աշխատանքի և ուսման զուգակցմամբ՝ «On the Job Training» (կրթվել՝ հետազոտելով) սկզբունքով, ոչ միայն գիտելիքների ձեռքբերմամբ, այլև դրանց կիրառման հմտությունների մշակմամբ, ինչպես նաև գիտակրթական հաստատությունների հետ սերտ համագործակցելով: Ելույթով հանդես եկավ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա բարձր գնահատեց ԱՌՀԻ-ի դերակատարությունը պաշտպանական կրթության բարեփոխումների համատեքստում և կարևոր համարեց միջգերատեսչական համագործակցությունը, որն ուղղված է գիտաուսումնական առաջավոր փորձի փոխանակմանն ու զարգացման ապահովմանը: Նախարարը նաև կարևոր ու նշանակալից իրադարձություն համարեց ԱՌՀԻ-ում ասպիրանտուրայի բացումը: Նա հատկապես ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ինստիտուտի կերպափոխման` Պաշտպանական ազգային համալսարանի ստեղծման գործընթացի շրջանակներում, ասպիրանտուրայի և ռազմավարական անվտանգության ազգային դպրոցի հիմնադրումը պաշտպանական կրթության բարեփոխումների բարձրադիր բաղադրիչն են, ինչպես նաև կարևոր առաջընթաց են Ինստիտուտի համար, որը նպատակասլաց կերպով կատարում է ստանձնած պարտավորություններն ու իր առջև դրված խնդիրները: ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր խոսքում ողջունելի համարեց այն, որ ծրագրում հաջողությամբ համադրված են Բոլոնյան և «On the Job Training» (կրթվել՝ հետազոտելով) սկզբունքները, ինչը հնարավորություն կտա ասպիրանտուրայի յուրաքանչյուր հետազոտողի լիարժեք կերպով դրսևորել իր գիտելիքներն ու հարստացնել դրանք գիտահետազոտական աշխատանքի ընթացքում: Նախարար Աշոտյանի խոսքերով՝ բանակը երկրի արտաքին, իսկ կրթությունն ու գիտությունը՝ ներքին անվտանգության հիմնական շրջանակներն են, և խիստ կարևոր է այս շրջանակների սերտ համագործակցությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության լիարժեք իրականացման համատեքստում: Կրթության և գիտության նախարարն իր աջակցությունը հայտնեց Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի` դեպի Պաշտպանական ազգային համալսարանի կերպափոխման հարցում և ավելացրեց, որ աշխարհի զարգացած երկրներում առաջատար ուսումնական կենտրոնների շարքը գլխավորում են հենց պաշտպանական ազգային համալսարանների կարգի գիտակրթական հաստատությունները, որոնց ճանապարհն է որդեգրել նաև ԱՌՀԻ-ն: ԳԱԱ թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ Ինստիտուտում պաշտպանված արդեն երկու դոկտորական ատենախոսությունները պետք է դիտարկել ռազմավարական տրամաչափում, քանի որ դրանք արծարծում են ազգային անվտանգության քաղաքագիտական հիմնախնդիրները: Այդպիսով՝ Ինստիտուտը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է աջակցել հատկապես այն մասնագետներին, որոնց գիտական աշխատությունները կարևորվում են ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից: Նա շեշտեց, որ դրանք շոշափում են ազգային անվտանգության լիարժեք ապահովման համար խիստ անհրաժեշտ կայունության և մի շարք այլ հիմնախնդիրներ, նպաստում են հայրենական պաշտպանական-անվտանգային քաղաքագիտության զարգացմանը և երկրի համար ունեն գիտակիրառական նշանակություն: Դոկտոր Հովհաննիսյանի գնահատմամբ` ԱՌՀԻ-ում ասպիրանտուրայի բացումը կարևոր քայլ է պաշտպանական-անվտանգային քաղաքագիտության միջավայրի ձևավորման առումով: Նա կարևորեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանավորությամբ, ԱՌՀԻ-ի միջոցով ՀՀ ԶՈՒ-ի ղեկավար կազմի բարձր ինտելեկտուալացումը: Հանդիպման ավարտին հյուրերը շնորհավորեցին միմյանց նշանակալից իրադարձության առիթով՝ հույս հայտնելով, որ նորաբաց ասպիրանտուրան կնպաստի ՀՀ-ում քաղաքագիտական-անվտանգային ուսումնասիրությունների ոլորտում որակյալ մասնագետների պատրաստմանը, իսկ գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը պատասխանեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին: