ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ՈՒՄ

19 February, 2010 00:00
Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում անվտանգության քաղաքագիտության բնագավառում գործող «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» և «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի հերթական նիստի օրակարգում ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ Աբրահամ Գասպարյանի «Ժողովրդավարացման հիմնախնդիրները և բանակի գործոնը հետսառըպատերազմյան Թուրքիայում» ատենախոսության պաշտպանությունն էր: «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսությունը մանրամասն կերպով քննարկվեց նիստի ընթացքում: Պաշտոնական ընդդիմախոսները ներկայացրին իրենց գնահատականներն ու դիտարկումները: Ատենախոսը հնչած բոլոր դիտողություններին կարողացավ տալ սպառիչ պատասխաններ, որոնք գոհացրին ընդդիմախոսներին:

Նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, ԱՌՀԻ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ընթանում էր գիտական քննարկումների կառուցողական միջավայրում: Քննարկման ընթացքում մասնագիտական խորհրդի անդամները կարևորեցին այն փաստը, որ ԱՌՀԻ-ում համեմատաբար կարճ ժամանակամիջոցում անցկացվում է պաշտպանական-անվտանգային քաղաքագիտության բնագավառում ատենախոսության արդեն թվով երրորդ պաշտպանությունը, այդ թվում` այնպիսի արդիական խնդիրների քննարկմամբ, ինչպիսիք են տեղեկատվական անվտանգության համակարգումը, պետական ղեկավարման կազմակերպվածքի արդյունավետությունը, Թուրքիայի ներքաղաքական զարգացումներում բանակի դերը: Խորհրդի քննարկմանը հետևեց քվեարկությունը, որի արդյունքով Աբրահամ Գասպարյանին շնորհվեց քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան: