Կոլեգիայի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

27 February, 2010 00:00
Փետրվարի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում իրանակացվող կառուցվածքային բարեփոխումներին առնչվող հարցեր: Նիստին մասնակցել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանը:

ՀՀ ԶՈւ կառուցվածքի և համալրման հետ կապված խնդիրների ու զարգացման ուղիների վերաբերյալ հիմնական զեկույցով ելույթ է ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գրիգորյանը: Ընդգծվել է, որ բանակաշինության ներկայիս փուլում իրականացվել են արմատական փոփոխություններ, ներդրվել է քաղաքացիական հատուկ ծառայության համակարգը, կատարելագործվում է ԶՈւ զորային կառույցների կազմակերպչական-հաստիքային կառուցվածքը, շարունակվում է ԶՈւ շարքերը պայմանագրային հիմունքներով համալրման գործընթացը: Կոլեգիայի նիստում ելույթներով հանդես են եկել նաև ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, Գլխավոր ռազմական տեսչության պետ, գեներալ-գնդապետ Մ. Հարությունյանը, ԳՇ պետի տեղակալներ, ՊՆ և ԳՇ վարչությունների պետեր, բանակային զորամիավորումների հրամանատարներ: Կոլեգիայի նիստի աշխատանքներն ամփոփել է ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և արդի մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը` նախարարն անդրադարձել է պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացին, ընդգծել է, որ բարեփոխումների փուլում զինված ուժերի առջև դրված գլխավոր խնդիրը ազգային բանակի բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացումն է: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն