ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը

3 March, 2010 00:00
Մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է բանակային երկրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում: Հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված մի շարք զորամասերում և զորավարժարաններում պաշտպանության նախարարը ծանոթացել է անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, ընթացող վերանորոգման աշխատանքներին: Ս. Օհանյանը զրուցել է բանակային զորամիավորման և զորամասերի հրամանատարական կազմերի հետ, ինչպես նաև հետևել է ընթացող մարտավարական և կրակային պատրաստության պարապմունքներին, տվել է համապատասխան հանձնարարականներ:

Ս. Օհանյանը հանդիպել և զրուցել է նաև զինվորների հետ, հետաքրքրվել է նրանց ծառայությամբ, պարտականությունների իմացությամբ, զորամասերում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով: Այցի շրջանակներում պաշտպանության նախարարը եղել է Ճամբարակ քաղաքում զինծառայողների համար կառուցված բնակելի շենքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին, զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններին, նրանց խնդիրներին ու մտահոգություններին: Ս. Օհանյանը եղել է նաև Ճամբարակում գործող Արցախյան հերոսամարտի մասնակիցների հիշատակին նվիրված թանգարանում, ծանոթացել է ցուցանմուշներին, գրառումներ է կատարել այցելուների մատյանում, ծաղիկներ է դրել Ճամբարակի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն