Հայտարարություն

5 March, 2010 00:00
Որոշ լրատվամիջոցներ, չարաշահելով իրենց ընթերցողների վստահությունը, շարունակում են խեղաթյուրված, իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածել`վկայակոչելով իբր «լավատեղյակ», «խիստ իրազեկ» աղբյուրներ: Տպագրելով երբեմն զավեշտի հասնող լուրեր, մասնավորապես, թե «Հայաստանի տարածքով ռազմական կործանիչներ են թռել», «հանրապետությունում հայտարարված է մարտական պատրաստություն», «կոնկրետ առաջադրանքներ են տրվել պատերազմի վերսկսման հավանականության համատեքստում» և այլն, միտումնավոր շիկացնում են մթնոլորտը, տագնապի մեջ գցում բնակչությանը և առատորեն «սնում» ադրբեջանական քարոզչամեքենան:

Մարտի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով և հերքելով միանգամայն անհիմն և անպատասխանատու այդ հայտարարությունները, ըստ որոնց իբր սահմաններում իրավիճակը բավականին լարված է, նշել է, որ հայոց բանակի զինվորն ամուր է պահում մեր հայրենիքի սահմանները. «Փառք Աստծո, հետպատերազմյան տարիներին հակամարտության գոտում, առանց որևէ երրորդ ուժի միջամտության` համեմատելով ուժերի հավասարակշռությունը, քանակական տվյալները, մարտական ոգու, մեր ստորաբաժանումների բարոյահոգեբանական բարձր մակարդակի շնորհիվ կարողանում ենք ապահովել մեր զինված ուժերի գերազանցությունը հարևան երկրի զինված ուժերի նկատմամբ: Եվ պատրաստ ենք ցանկացած ոտնձգության արժանապատիվ ձևով արձագանք տալու»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: Կոչ ենք անում հայ լրագրողներին սթափ հայացքով նայել իրավիճակին, հորինված ու չճշտված տեղեկություններ տարածելով անհարկի լարվածություն չառաջացնել բնակչության շրջանում և ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել հայոց բանակին, պետության պաշտպանությանն ու ազգային անվտանգությանն առնչվող հարցերին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն