ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի զեկույցը «Համագործակցությունը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ» թեմայով

11 March, 2010 00:00
Մարտի 11-ին Երևանում` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀ Ազգային ժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համատեղ կազմակերպած «Տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում – մարտահրավերներ, հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով Ռոուզ-Ռոթ սեմինարի ընթացքում «Համագործակցությունը Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ» թեմայով ելույթ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

« Հարգելի կազմակերպիչներ, մասնակիցներ, հյուրեր
Նախ ցանկանում եմ ողջունել սեմինարի կազմակերպիչներին և մասնակիցներին և շնորհավորել այս հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառման կազմակերպման առթիվ: Սա ՀՀ ազգային ժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի միջև արդյունավետ համագործակցության ևս մեկ հիանալի դրսևորում է:

Ընտրված թեմայի այժմեականությունը, տարածաշրջանային նշանակությունը և ընդհանրապես, գլոբալ բնույթը մեզ ստիպում են հնարավորինս մանրակրկիտ և հաշվենկատորեն ուսումնասիրել այն` լիովին հասկանալու համար Հարավային Կովկասում ընթացող զարգացումների բոլոր ասպեկտները: Այսօր ես կխոսեմ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին, իհարկե` տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների համատեքստում: Կարծում եմ` այստեղ հավաքված լսարանը քաջատեղյակ է Հարավային Կովկասի ռազմաքաղաքական հիմնական զարգացումներից: Ռազմական և ռազմաքաղաքական առումով այսօր Հայաստանի անվտանգության միջավայրի վրա ազդեցություն ունեցող հիմնական զարգացումներն են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները, տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական հակասությունները (ռուս-վրացական, Իրան-Արևմուտք և այլն), միջազգային կազմակերպությունների և անվտանգության համակարգերի տարածաշրջանային քաղաքականությունը և այլն: Հայաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականությունն ուղղված է բոլոր հարևան պետությունների, դաշնակիցների և գործընկերների հետ իրավահավասար ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը, հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, ռազմական հավա­սա­րակշռության պահպանմանը, բազմաշերտ անվտանգության միջավայրի ձևա­վորմանը: Այս առումով Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի տարածաշրջանային կառուցողական դերակատարությունը և վարում է նրանց հետ մերձեցման և բարձր մակարդակի հարաբերությունների հաստատման ուղեգիծ: Հայաստան-Եվրամիության հարաբերությունները Հայաստանի վերանկախացումից ի վեր եվրոպական ինտեգրումը հանդիսանում է մեր երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Կարծում եմ` այդ իրողությունը պայմանավորված է թե գիտակցական և թե ենթագիտակցական մակարդակում հայ հասարակության կողմից եվրոպական արժեքային համակարգի բնական ընկալմամբ, հասարակության կազմակերպման եվրոպական մոդելի պատկերացումներով, քաղաքացիական հասարակություն և շուկայական տնտեսություն կառուցելու, ժողովրդավարական արժեքներն արմատավորելու բնական ձգտումով: Ուստի օրինաչափ է, որ պետականության վերականգնման պահից մինչ օրս Հայաստանում քաղաքական, հասարակական և այլ մակարդակում երբևիցե չի քննարկվել զարգացման որևէ այլընտրանքային ուղի: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները դեպի Եվրոպա շարժվող Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեն: Ընդ որում, Հայաստանի եվրոպական մերձեցման քաղաքականության նշանակությունը կարևորվում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ ռազմական տեսանկյունից, այլև առավել գլոբալ` հայեցակարգային առումով, քանզի այն ենթադրում է ինտեգրացիոն գործընթացների նպատակաուղղում դեպի առանձին և տարածաշրջանային ձևաչափով կայունության և փոխվստահության մթնոլորտի հաստատում, ինչը Հարավային Կովկասի և հատկապես երկկողմ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար առկա խնդիրների լուծում է նախանշում, լուծում, որն անմիջականորեն բխում է ազգային, տարածաշրջանային և վերջապես համաեվրոպական անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Պետք չէ մոռանալ, որ Հայաստանի անվտանգության ապահովման հիմնական խոչընդոտները Եվրոպական հարթության լուծման տիրույթում են. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը` ԵԱՀԿ շրջանակներում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման պահանջը` որպես Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայի առջև դրված պահանջ, Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական խնդիրը և այլն: Այսօր Հայաստանը թևակոխել է Եվրոպայի հետ հարաբերությունների որակական նոր փուլ, ինչն արտահայտվում է Հայաստանի` Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Արևելյան գործընկերության նախաձեռնությանն անդամակցությամբ: Հայաստանի և Եվրամիության միջև հաստատվել են բարձր մակարդակի հեռանկարային հարաբերություններ, որոնք ամեն կերպ խրախուսվում են Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից, և օրինաչափ է, որ Արևելյան գործընկերության նախաձեռնությունը միանգամից արժանացավ Հայաստանի Հանրապետության պատրաստակամ և շահագրգիռ արձագանքին: Այս առումով Արևելյան գործընկերության նախաձեռնությունից մեր ակնկալիքը Եվրոպական հարևանության քաղաքականությանը գործնական բովանդակություն հաղորդելն է: Իր տարածաշրջանային բնույթով հանդերձ, Եվրոպական հարևանությունը Հայաստանի համար ունի նաև մեծ տնտեսական նշանակություն: Պատահական չէ, որ Եվրամիությունը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է: Միաժամանակ Եվրամիությունը լուրջ քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար` մի շարք ծրագրերի միջոցով, որոնք միտված են տարածաշրջանային համագործակցության զարգացմանը և բարեփոխումների ծրագրերի իրագործմանը եվրոպական մոդելով: Ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Եվրամիության տարածաշրջանային դերի մեծացման ջատագովներից մեկն է և ողջունում է այդ ուղղությամբ ձեռնարկվող ցանկացած քայլ: Բուն ռազմական ոլորտում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները փոխլրացվում են ՆԱՏՕ-ի հետ մեր ակտիվ համագործակցությամբ: Կարծում եմ` Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը հիմնականում ծածկում է Հայաստանի եվրոպական ինտեգրման անվտանգության բացը, քանի որ վերջին տարիների ընթացքում, հատկապես Ֆրանսիայի` ՆԱՏՕ-ի ռազմական կառույց վերադարձից հետո հարթվել են եվրոպական անվտանգության ապահովման հիմնական հայեցակարգային տարաձայնությունները, հատկապես եվրո-ատլանտյան փոխգործողության հարցում եվրոպական ինքնուրույն պաշտպանական կարողությունների զարգացման ուղղությամբ: Եվրամիությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում չունի ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին համարժեք մեխանիզմ, որը բաց կլինի ոչ միայն անդամ պետությունների, այլև գործընկերների համար: Եթե ապագայում ի հայտ գան ԳՀԽ ծրագիրը չկրկնող մեխանիզմներ ու կառույցներ, ապա Հայաստանի պաշտպանության նախարարությունն անպայման հանդես կգա վերջիններիս հետ նախաձեռնող համագործակցությամբ: Օրինակ` ապագայում եվրոպական կառույցների հետ Հայաստանի պաշտպանական համագործակցության հնարավոր շրջանակ կարող է ապահովվել Եվրոպական պաշտպանական գործակալության միջոցով` ռազմական արդյունաբերողների միջև կապերի հաստատմամբ և համատեղ ծրագրերի մշակմամբ ու իրագործմամբ: Իսկ մինչ այդ, Եվրոպական Միության անդամ պետությունների հետ մեր համագործակցության զարգացման գործում օգտագործում ենք ՆԱՏՕ-ի շրջանակներում առաջ եկող նոր հնարավորությունները` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում կցանկանայի նշել մեկ կարևոր հանգամանք ևս. Եվրամիության հետ վստահելի հարաբերություններ կառուցելու գործընթացի վրա ազդեցություն ունեցող կարևոր բաղկացուցիչ է հարևան երկրների արտաքին քաղաքական պահվածքը. շատ էական է, որ այն ուղղված լինի առկա տարաձայնությունները հարթելուն, այլ ոչ թե նորերը ստեղծելուն: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները Որպես պաշտպանության նախարար, կցանկանամ առավել մանրամասն կանգ առնել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա: Հայաստանի եվրոպական զարգացման ուղեգծում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները իրենց կարևոր դերակատարությունն ունեն Հայաստանի անվտանգության ապահովման համակարգում: Այդ հարաբերությունների բնական և ոչ պարտադրված բնույթը ստեղծում է այն բարենպաստ հիմքը, որը դրանց համար ապահովում է անկեղծ և արդյունավետ զարգացում: Մենք շահագրգռված ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շարունակական զարգացման մեջ: Այդ համագործակցության նպատակն է մեր զինված ուժերի զարգացման գործում նույնպես օգտագործել եվրատլանտյան փորձը, ստեղծել փոխգործակցության մեխանիզմներ ՆԱՏՕ-ի կառույցների և անդամ երկրների հետ, ինչը հնարավորություն կընձեռի որոշակի ոլորտներում ամենաբարձր մակարդակի համագործակցություն իրականացնել Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ և ընդլայնել միջազգային անվտանգության ապահովման գործում մեր ներգրավվածությունը: ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում ՀՀ ռազմական ղեկավարությունը հետապնդում է որոշակի նպատակներ: Փորձեմ ամփոփ ներկայացնել դրանք. Թեև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր դրված չէ, սակայն ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ու երկխոսությունը համարվում է Հայաստանի անվտանգության համակարգի բաղադրատարրերից մեկը: Հայաստանը, որը որդեգրել է Եվրոպական զարգացման ուղին, եվրոպական անվտանգությունն ապահովող կառույցի հետ հարաբերությունների զարգացմամբ չի հետապնդում բացառապես քաղաքական նպատակներ: Այդ համագործակցությունը ձևավորվում է բնականորեն` զարգանալով եվրոպական ինտեգրման գործընթացներին զուգընթաց: Հայաստանի պաշտպանության նախարարությունը անհատական սկզբունքով հնարավորինս ակտիվ երկխոսություն է զարգացնում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ` արդյունավետ համագործակցություն ծավալելով ԵԱԳԽ և ԳհԽ ծրագրի շրջանակներում և առավելագույնս օգտվելով անվտանգության ապահովման համար վերջինիս ընձեռած հնարավորություններից, իսկ ռազմական համագործակցության բնագավառում զարգացնում է առավել արդյունավետ ուղղությունները` թե ծրագրի շրջանակներում, թե ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ երկկողմ հիմքի վրա: ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը նաև դիտվում է որպես կարևոր գործիք պաշտպանության ոլորտում բարեփոխումների, ՀՀ Զինված ուժերի արդիականացման և միջազգային անվտանգության ապահովման չափաբաժին ստանձնելու համար: Այս առումով ՆԱՏՕ-ի և դաշինքի անդամ պետությունների հետ համագործակցությունն ընդգրկում է ռազմավարականից մինչև մարտավարական ոլորտները: Օրինակ, Պաշտպանության ռազմավարական վերանայումը, ռազմակրթական ոլորտի բարեփոխումները, ՊՆ համակարգում քաղաքացիական ծառայության ներդրումը և մի շարք այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներում մեծ է ՆԱՏՕ-ի դերը: Միաժամանակ, Կոսովոյում և Աֆղանստանում հայ զինծառայողներն իրենց առաքելությունը կատարում են ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո` անդամ պետությունների զինված ուժերի հետ մարտավարական լիարժեք փոխգործակցությամբ: ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման ընթացքում հաշվի են առնվում նաև ընթացիկ փոփոխություններն ու զարգացումները: Այդ առումով ՆԱՏՕ-ի կողմից վարվող տարածաշրջանային կառուցողական քաղաքականությունը և Հայաստանի կողմից որդեգրված հավասարակշռված քաղաքականությունը նպաստում են երկկողմ համագործակցության զարգացման գործին: Միաժամանակ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ արտաքին քաղաքական բնագավառում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հավասարակշռված քաղաքական ուղեգիծ իրականացնելն ավելի դյուրին է, քան զուտ ռազմական համագործակցության բնագավառում, ինչը պայմանավորված է ոչ թե քաղաքական նպատակներով, այլ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ստանդարտների, մարտավարական և ռազմավարական հայեցակարգերի արմատական տարբերությամբ: Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջոցով Հայաստանը ձգտում է պաշտպանական ոլորտում խորհրդատվական (երբեմն նաև նյութական) օգնություն ստանալ և ձեռք բերել փորձ, ինչն արժեքավոր է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ պաշտպանության ոլորտում համագործակցության ծավալման համար: Այդ հանգամանքով և ՀՀ շուրջ ստեղծված անկայուն անվտանգության իրավիճակով պայմանավորված` ՀՀ ռազմական ղեկավարությունը ձգտում է իրականացնել ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների հետ ՀՀ Զինված ուժերի մասնակի, փուլային փոխգործունակության ապահովում: Միաժամանակ հաշվի առնելով արդիական սպառազինությունների և հատկապես արագ արձագանքման ուժերի կիրառման ոլորտում այս կազմակերպության անդամ մի շարք երկրների հաջողությունները և այն հանգամանքը, որ ՀՀ Զինված ուժերը չեն կարող մեկուսանալ նման տեխնոլոգիական, տակտիկական և ռազմավարական զարգացումներից, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադը ՆԱՏՕ-ի ուժերի հայեցակարգային և մարտավարական սկզբունքների կիրառմամբ ՆԱՏՕ-ի հրամանատարաշտաբային կառուցվածքին համապատասխանեցնելու ուղղությամբ, լիովին համապատասխանում է միջազգային (հատկապես խաղաղապահ) գործողություններում ՀՀ ԶՈՒ ակտիվ մասնակցության ապահովմանը: Հայաստանի Հանրապետությունը ՆԱՏՕ-ի հետ անհատական սկզբունքով գործընկերություն է իրականացնում 2005թ. ի վեր: Այսօր վստահորեն կարող ենք փաստել, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը դարձել է Հայաստանում պաշտպանության և անվտանգության ոլորտի բարեփոխման, ժողովրդավարացման և արդիականացման ամենաարդյունավետ լծակներից մեկը: Պատահական չէ, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների շատ նպատակներ, գաղափարներ և դրանց իրականացման մեխանիզմները տեղ են գտել ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում: Այն կոնկրետ արդյունքներով ապացուցել է շարունակելիության և ընդլայնման իր իրավունքը, հասցրել է լայն հասարակական ճանաչում ձեռք բերել և ակտիվորեն քննարկվում է մամուլում ու հասարակության տարբեր շրջանակներում` հատկապես պաշտպանությանն առնչվող խնդիրների համատեքստում: ՀՀ պաշտպանության նախարարությունն ակտիվ համագործակցություն է իրականացնում հասարակական կազմակերպությունների հետ` ընդլայնելով նրանց դերը հասարակական իրազեկման և քաղաքացիական վերահսկման ոլորտներում: Այս հանգամանքը բարեփոխումների հետևողական իրականացման գործում մեզ լրացուցիչ վստահություն է ներշնչում, ուստի մենք մեր ձեռք բերած փորձը ջանում ենք ներդնել նաև ՀՀ այլ գերատեսչությունների կողմից իրականացվող հասարակության իրազեկման աշխատանքներին աջակցելու գործում: Ամփոփելով խոսքս, կցանկանայի նշել մեկ կարևոր հանգամանք ևս. Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն ծանրակշիռ դերակատարություն ունեն տարածաշրջանային զարգացումների վրա ազդելու գործում: Նրանց է վերապահված ժողովրդավարությունը, թափանցիկությունը, ազատությունը և ընդհանրապես` եվրոպական քաղաքակրթությունը Հարավային Կովկասում ամրապնդելու և տարածաշրջանային համագործակցությունը խթանելու առաքելությունը, որը, կարծում եմ` տարածաշրջանային անվտանգության միջավայրը կայունացնելու և խաղաղ զարգացումն ապահովելու գրավականն է: Այս գիտակցումով Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության և ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է հանդիսանում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն