Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

28 April, 2010 00:00
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Ֆրանսիայի անվտանգության բարձրագույն ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի և աուդիտորների ազգային ասոցիացիայի պաշտոնյաների պատվիրակությունը: Պատվիրակությունն ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը ներկայացրել է Հայաստանի պաշտպանական գերատեսչությանն առնչություն ունեցող մի շարք խնդիրներ, մասնավորապես` ՀՀ ՊՆ համակարգի ընթացիկ բարեփոխումներն ու դրանց հեռանկարները, իրադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, Հայաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության մոտեցումները տարածաշրջանային հակամարտությունների, և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը, ՀՀ զինծառայողների մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը և այդ ոլորտում կատարված աշխատանքները: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է Հայաստանի պետական սահմանների պահպանման գործում ՀՀ ՊՆ դերակատարության, ՆԱՏՕ-ի ծրագրերին ՀՀ ՊՆ մասնակցության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրավասությունների շրջանակի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության անցկացման վերաբերյալ պատվիրակության անդամների հարցերին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն