Հանդիպում ԵՊՀ-ում

5 May, 2010 00:00
Շարունակվում են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի հանդիպումները հանրակրթական դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների հետ: Մայիսի 5-ին Երևանի պետական համալսարանում ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ է հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ տոների նախօրեին կազմակերպված այս հանդիպման նպատակն է նաև արիության ու սխրանքի օրինակների ներկայացումը կրթօջախների սաներին: Ս. Օհանյանը ներկայացրել է Զինված ուժերում կատարվող բարեփոխումները, հետագա ծրագրերն ու առկա խնդիրները: Նրա խոսքով, ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումները շարունակությունն են Հայաստանի արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության պահպանմանն ուղղված գործողությունների: Ս. Օհանյանի հավաստմամբ, Հայաստանի ԶՈւ-երը գործում են ի նպաստ դաշնակցային, գործընկերային միջազգային հարաբերությունների հաստատման, հակամարտությունների խաղաղ կարգավորման, ռազմական հավասարակշռության պահպանման սկզբունքով: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին «Զինապարտության մասին» օրենքի փոփոխություններին, մագիստրոսական տեղերի կրճատմանը, ինչպես նաև երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներին: Միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը Մեծ հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ հոբելյանական և գերատեսչական մեդալներ և պատվոգրեր է հանձնել Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների: ԵՊՀ ուսանողներից մի քանիսը արժանացել են շնորհակալագրերի` ուսանողության շրջանում ռազմահայրենասիրական նշանակության միջոցառումներ կազմակերպելու համար: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն