Խորհրդակցություն` նվիրված ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտի խնդիրներին

22 May, 2010 00:00
Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացավ խորհրդակցություն` նվիրված ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտի խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Էկոնոմիկայի նախարար Արմեն Երիցյանը, գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, բարձրաստիճան զինվորականներ ու հյուրեր, ինչպես նաև արդյունաբերական տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական ոլորտին առնչվող միջոցառման նպատակն էր վերլուծել և գնահատել առկա վիճակն ու մինչ օրս իրականացված աշխատանքները: Մինչ խորհրդակցության մեկնարկը ցուցադրվել են Հայաստանում մշակված և հայրենական արտադրության սպառազինության, ռազմական տեխնիկայի և թվային նորագույն տեխնոլոգիաների ցուցանմուշներ: ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում կայացած խորհրդակցության ընթացքում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով միջոցառման անցկացումը և ԶՈՒ մարտունակության գործում կարևորելով ռազմարդյունաբերական ոլորտն ու նրա զարգացումը, նշել է, որ միասնական ջանքերով պետք է ամրապնդվի, կատարելագործվի և զարգանա հայրենական արտադրությունը: Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության վարչության պետ, գնդապետ Մուրադ Իսախանյանը: Ռազմարդյունաբերության առկա վիճակի վերլուծության և գնահատման թեմայով իր զեկույցում Մ. Իսախանյանն անդրադարձել է ոլորտի ձեռքբերումներին, Հայաստանի ձեռնարկություններում ռազմական տեխնիկայի վերանորոգման աշխատանքներին և այլ խնդիրների: Հնչել են նաև այլ ելույթներ, քննարկվել են ռազմական արդյունաբերության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խրախուսական պարգևներ է հանձնել ռազմարդյունաբերական ոլորտի մի շարք ներկայացուցիչների: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն