ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

23 July, 2010 00:00
Հուլիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկկողմ համագործակցության շրջանակներում և Դաշնային պաշտպանության նախարար Կարլ-Թեոդոր Ֆրայհեր զու Գութենբերգի հրավերով պաշտոնական այցով Գերմանիայում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը:
Հուլիսի 21-ին Սեյրան Օհանյանն այցելել է Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցի, որտեղ հանդիպել է Գերմանիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հայկական պատվիրակությանը ողջունել է արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈւ կազմավորման պատմությունը, խոսել է Հայաստանի առջև դրված խնդիրների և այն ձեռքբերումների մասին, որ ունեցել են հայկական զինված ուժերը պատերազմի և խաղաղության տարիներին, պատասխանել է գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հարցերին:

Հուլիսի 22-ին Բոննում` Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարությունում, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի և ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության խորհրդարանական պետական քարտուղար Քրիստիան Շմիդտի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ, ՆԱՏՕ-ի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի շրջանակներում, ԵՄ-ի հետ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: Կողմերը շեշտել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության բարձր մակարդակը: Կարևորելով այն փաստը, որ երկու երկրներն էլ միացել են Աֆղանստանում համատեղ առաքելությանը, կողմերը պատրաստակամություն են հայտնել երկկողմ համագործակցության շրջանակներն ընդլայնելու համար: Երկու գերատեսչությունների միջև համագործակցության հիմնական ոլորտներն են ռազմական կրթությունը, ռազմաբժշկությունը, ռազմական արդարադատությունը, ռազմական կառավարումը, խաղաղապահ և հրամանատարական կարողությունների զարգացումը: Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել սպառազինությունների վերահսկման ոլորտի առկա խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի` Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին: Կարևորվել է այս ոլորտներում համագործակցության զարգացումը: Նույն օրը ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Գերմերշայմ: ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարար դոկտոր Կառլ-Թեոդոր Ֆրայհեր զու Գութենբերգի ուղեկցությամբ Ս. Օհանյանն այցելել է Գեներալ-Հանս-Գրաֆ-Սպոնեկ-Բարրաքս վարժական կենտրոն, որտեղ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի երկրորդ հերթափոխը նախատեղակայման վարժանք է անցնում Աֆղանստան խաղաղարար առաքելության մեկնելուց առաջ: ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է վարժական կենտրոնի և ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախմբի նախատեղակայման վարժանքի ծրագրերին ու պայմաններին, հետևել է հայ և գերմանացի զինծառայողների վարժանքներին: Հայկական զորախմբի հետ հանդիպման ժամանակ Ս. Օհանյանը խոսել է միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության կարևորության մասին, հայ խաղաղապահների հետ քննարկել է նրանց ծառայության պայմանները: Վարժական կենտրոնում հրավիրված մամլո ասուլիսում երկու պետությունների պաշտպանության նախարարները ներկայացրել են այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ իրենց տպավորությունները, խոսել են վարժարանի պայմանների բարձր մակարդակի և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական միտումների մասին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարար զու Գութենբերգին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն