Ուկրաինացի լրագրողները ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում

11 September, 2010 00:00
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ են այցելել ուկրաինացի լրագրողները, ովքեր Հայաստանում են գտնվում Ուկրաինայում ՀՀ դեսպանի նախաձեռնությամբ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին տեսանյութեր պատրաստելու նպատակով: Լրագրողները ներկայացնում էին Ուկրաինայի առաջին ալիքը, «Комсомольская правда», «Сегодня» թերթերը, «Зеркало недели», «Profil» ամսագրերը:
Հյուրերին ընդունեց Ազային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Քոթանջյանը ամփոփ կերպով ներկայացրեց ԼՂՀ ստեղծման և կայացման պատմությունը, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացը և այդ գործընթացում ինստիտուտի դերակատարումը: Լրագրողներին հիմնականում հետաքրքրում էր, թե ինչպես է Հայաստանին հաջողվել հավասարակշռել իր անվտանգային հարաբերությունները երկկողմ ձևաչափում՝ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Որպես հատկանշական օրինակ բերվեց ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական մշակումը: Հ. Քոթանջյանը նշեց, որ միջգերատեսչական մշակման արդյունքում ստեղծված փաստաթուղթը փորձաքննության է ենթարկվել ՌԴ, ԱՄՆ, Եվրոպայի և ՀՀ մասնագիտական կենտրոններում: Համադրելով արևմտյան և արևելյան մեթոդաբանական մոտեցումները՝ հաջողվեց ստեղծել այնպիսի փաստաթուղթ, որն արտացոլում է Հայաստանի անվտանգային շահերը: Պատասխանելով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման անհրաժեշտության, տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, ԼՂ հակամարտության կարգավորման, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ լրագրողների հարցերին, գեներալ-մայոր Հ. Քոթանջյանը նշեց, որ հարևան երկրի բարձր ատյաններից հաճախակի հնչող ռազմական սպառնալիքները չեն բխում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման շահերից: Ընդգծվեց, որ Հայաստանը հետևում է տարածաշրջանային բոլոր գործընթացներին ու անում է համապատասխան քայլեր: Հ. Քոթանջյանը հավաստիացրեց, որ ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը մշտապես գտնվում են մարտական բարձր պատրաստության վիճակում և ի զորու են համարժեք պատասխան տալ ցանկացած ագրեսիայի, դիվերսիոն քայլի: Անդրադառնալով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման և դրա ժամկետի երկարաձգման հարցին՝ Դոկտոր Քոթանջյանը ընդգծեց, որ դրա անհրաժեշտությունը բխում է երկու երկրների ռազմավարական շահերից, և ռազմակայանի տեղակայումը Հայաստանում պետք է դիտարկել հայ-ռուսական երկարամյա համագործակցության համատեքստում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն