ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ՄԱՐՇԱԼ Ա. ԽԱՆՓԵՐՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

18 September, 2010 00:00
Պարոնայք գեներալներ և սպաներ,մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտներ,սիրելի ծնողներ և հյուրերՇնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության առաջին ռազմաուսումնական հաստատության` մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի առաջին կուրսի կուրսանտների զինվորական երդման առթիվ: Զինվորական երդումը պատվի ու գաղափարի երդում է, որը մեկընդմիշտ պարտավորեցնում է լինել հայրենիքի պաշտպանությանն ու հզորացմանը նվիրված անխոնջ «զինվոր», կանգնել երկրի ու ժողովրդի շահերի հավատարիմ պաշտպանի դիրքերում: Այս իմաստով, սիրելի կուրսանտներ, այս օրը բոլորիդ համար և բացառիկ է, և ինչ-որ չափով բեկումնային:

Խորհրդանշական է, որ կուրսանտների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի նախօրեին: Վստահ եմ, որ այս պատանիներն ավարտելով զինվորական ուսումնառությունը և համալրելով հայոց բանակի սպայակազմի շարքերը, վաղը նրանց հետ աներեր կկանգնեն Հայաստանի Հանրապետության օդային սահմանների պաշտպանության և զինված ուժերի կապի ապահովման առաջին գծում: Պարտավորեցնող է նաև այն հանգամանքը, որ այս արարողությունը տեղի է ունենում Վարդան Մամիկոնյանի հուշարձանի մոտ, ով հայ ժողովրդի հայրենասիրական ձգտումների կրողն ու մարմնացումն է: Պատերազմին զուգընթաց կանոնավոր բանակ ստեղծելու դժվարին օրերին, ռազմաճակատներում նորաստեղծ զորամասերի ու կամավորական ջոկատների տարած փայլուն հաղթանակների հետ մեկտեղ, 1993 թվականի ապրիլին հիմնադրվեց մեր նորանկախ հանրապետության առաջին ռազմաուսումնական հաստատությունը՝ ավիացիոն ուսումնական կենտրոնը: Այն ստեղծվեց զինվորական օդաչուների արագացված դասընթացների հիմքի վրա, դասընթացներ, որի շրջանավարտները` մեր բանակի անդրանիկ օդաչուները մեր ժողովրդի համար ծանր ժամանակներում կատարեցին առաջին մարտական առաջադրանքները: Հայաստանի Հանրապետության անդրանիկ ռազմաուսումնական հաստատությունն անցած 17 տարիների ընթացքում դժվարին ու պատվավոր ճանապարհ անցավ, տարեցտարի զարգացավ ու հզորացավ, վերակազմավորվեց Ավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարանի, իսկ 2001-ին` մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի: Եվ այստեղ շատ մեծ է սպայական կադրերի այս դարբնոցի հրամանատարական ու պրոֆեսորադասախոսական կազմի ներդրումը: Հեշտ չէ կրել փառապանծ մարշալի անունը, լինել նրա անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ: Դա և դժվար է, և պարտավորեցնող: Լիահույս եմ, որ ինստիտուտի կուրսանտները, ովքեր այսօր զինվորական երդում տվեցին Հայրենիքին, կարդարացնեն այդ վստահությունը և կշարունակեն ու կզարգացնեն այստեղ ձևավորված զինվորական և ուսումնական փառավոր ավանդույթները: Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտն այսօր պատրաստում է օդաչուներ, վերգետնյա ծառայությունների, հակաօդային պաշտպանության ու կապի, ընդհանուր առմամբ` տասներկու մասնագիտությունների սպաներ: Ինստիտուտի շուրջ հինգ հարյուր շրջանավարտներ այսօր ծառայում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, զբաղեցնում հրամանատարական բարձր, ընդհուպ մինչև ավիացիայի վարչության պետի տեղակալների, ռազմաավիացիոն գնդի հրամանատարի պաշտոններ: Գաղտնիք չէ, որ բանակն առավել հզոր է իր սպա¬յական կազմով: Նրանց մասնագիտական պատրաստվածությունով, արհեստավարժությունով, մարդկային և բարոյական նկարագրով է պայմանավորված զորքերի մարտական պատրաստականությունը: ՀՀ զինված ուժերը սահմանների պաշտպանության, զորավարժությունների և խաղաղարար առաքելությունների ընթացքում բազմիցս հաստատել են իրենց մարտական արհեստավարժությունը և բարոյակամային բարձր որակները: Սիրելի կուրսանտներ, լիահույս եմ, որ չորս տարի անց ստանալով սպայական ուսադիրներ, պատվով կշարունակեք ձեր ավագ ընկերների գործն ու բարձր կպահեք Հայաստանի զինված ուժերի, մեր ռազմական ավիացիայի, հակաօդային պաշտպանության ու կապի զորքերի անունը: Աշխարհաքաղաքական առկա մարտահրավերները, ԼՂՀ հիմնախնդրի արդարացի լուծման ձգձգումը, և վերջապես՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները մեզ թելադրում են մշտապես զարգացնել և կատարելագործել պաշտպանական համակարգի ձեռքբերումները: Մեր բանակը եղել է և կլինի համընդհանուր հոգածության առարկա: Բանակի խնդիրները՝ զինվորականների սոցիալական վիճակից և օրեցօր մեծ ծավալների հասնող բնակարանաշինությունից մինչև ռազմավարական խնդիրներ, միշտ եղել են պետության ուշադրության կենտրոնում: Այսուհետ այդ ուշադրությունն առավել է մեծանալու և Զինված ուժերի ողջ անձնակազմի անունից վստահեցնում եմ, որ մեր բանակը պատրաստ է դիմագրավելու ցանկացած մարտահրավեր և կշարունակի մնալ տարածաշրջանի ամենահզոր ու մարտունակ բանակը: Կշարունակի ամենօրյա ուսուցմամբ կատարելագործվել, հզորանալ ու համաքայլ գնալ 21-րդ դարի բանակներին ներկայացվող պահանջներին: Սիրելի կուրսանտներ, կյանքում անմոռանալի այս օրը մաղթում եմ, որ ունենաք ձեր ավագ եղբայրների նվիրումը և հրամանատարական անհրաժեշտ գիտելիքներ: Հայ սպայության դժվարին ճակատագիրն ունեցած նախորդ սերունդը ձեզ հարուստ ավանդույթներ ժառանգեց, և լիահույս եմ, որ դրանք հարստացրած կփոխանցեք ձեր կրթօջախի սաների հաջորդ սերունդներին: Հայրենիքի համար նման զավակներ դաստիարակելու համար ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նաև կուրսանտների ծնողներին և վստահեցնել, որ, իրոք, նրանց որդիները ճիշտ ուղու վրա են: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մարշալ Արմենակ Խան-փերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի կուրսանտների զինվորական երդման առթիվ, մաղթում քաջառողջություն, անձնական երջանկություն, նոր ու շոշափելի ձեռքբերումներ ծառայության մեջ: