Մամուլի հաղորդագրություն

28 October, 2010 00:00
Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրի մասնակից սփյուռքահայ հիսուն երիտասարդների: Հանդիպմանը մասնակցում էր նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց սփյուռքահայ երտասարդների կապը ազգային բանակի հետ` նշելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար հարազատ տուն է: Ս.Օհանյանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտպանական քաղաքականությունը և զինված ուժերի զարգացման հեռանկարները` նշելով, որ բանակը հանդիսանում է ՀՀ անվտանգության ազգային երաշխիքը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց «Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության և սփյուռքի նախարարությունների համագործակցությունը` նշելով, որ համագործակցության զարգացումը իրատեսական է դարձնում «Արի բանակ» ծրագիր իրականացնելու հնարավորությունը: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանեց սփյուռքահայ երտասարդների հարցերին: Երիտասարդները հանդես եկան առաջարկություններով, այդ թվում` հնարավորություն տալ սփյուռքահայ երիտասարդներին ծառայելու հայոց ազգային բանակում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն