ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնական այցը Հունգարիայի Հանրապետություն

24 November, 2010 00:00
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ Սեյրան Օհանյանի հանդիպումը Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարար դոկտոր Չաբա Հենդեյի հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011 թվականին Հունգարիան ստանձնելու է Եվրոպական Միության նախագահությունը` հանդիպման ընթացքում քննարկումները հիմնականում ծավալվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարար դոկտոր Չաբա Հենդեյի կողմից ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունգարիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր:

Հայաստանի և Հունգարիայի պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել պաշտպանական բարեփոխումների, կրթության ու վարժանքների, ռազմական պատմության ոլորտներում հարաբերությունների խորացման, ռազմական թանգարանների միջև համագործակցության զարգացման շուրջ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Բուդապեշտի Հերոսների հրապարակ և հարգանքի տուրք մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին: Պաշտոնական այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա Հունգարիայի Հանրապետության Խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում և Ժրինյի Միկլոշի անվան ազգային պաշտպանական ակադեմիայում, կհանդիպի հունգարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև հայ և հունգարացի զինվորների հուշարձանին: ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Երևան կվերադառնա նոյեմբերի 25-ին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն