Ստորագրվել է Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարությունների 2017թ. համագործակցության ծրագիրը
14 April, 2017 12:34Այցի ընթացքում ՉԺՀ պատվիրակությանն ընդունել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
Պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները, միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու, մի շարք փոխշահավետ նախագծեր իրականացնելու ուղղությամբ:
Այցի ավարտին ՉԺՀ բարձրաստիճան պատվիրակությանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլյունի ուղեկցությամբ, ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել և ամփոփվել են բանակցությունների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է կողմերի միջև փոխգործակցության ընդլայնման և նոր ոլորտների ներգրավվման կարևորությունը:
Հանդիպման ավարտին ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և դերծովակալ Գուան Յուֆեյը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՉԺՀ պաշտպանության նախարարության միջև 2017թ. համագործակցության ծրագիրը: