ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը գիտության և մշակույթի գործիչների հետ

16 February, 2011 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակից գիտության և մշակույթի գործիչներին, պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներին և պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2010թվականին կատարված աշխատանքները, քննարկվել ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը:
Անդրադառնալով զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակության և հայրենաճանաչության ուղղությամբ կատարվող աշխատանքներին` Սեյրան Օհանյանը չափազանց կարևորել է հասարակական աջակցության ցուցաբերումը այդ նվիրական գործին:

Ելույթներով հանդես են եկել նաև ծրագրին մասնակցած մտավորականներ ու կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Հայոց բանակը մեր ամենօրյա հպարտության առարկան է: Ոգեշնչված ենք այս համագործակցությամբ և մեծագույն հաճույքով ենք շարունակելու համատեղ աշխատանքները»: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին և նշել, որ մտավորականները ամենաշատ սպասված հյուրերն են բոլոր զորամասերում: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն