Աշխատանքային այց զորամաս
12 August, 2015 00:00Օգոստոսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ եղել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկում:
Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը շրջել է զորանոցներում, ստուգել է զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը, ծանոթացել է զինանձնակազմի ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ստուգել է նաև զորամասի ուսումնանյութական բազան՝ համապատասխան ցուցումներ տալով հրամանատարությանը: Զորամասի հրամանատարությանն առաջադրվել են որոշակի խնդիրներ ընթացող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Աշխատանքային այցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ: Պաշտպանության նախարարը ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում զրուցել և ճաշել է նորակոչիկ զինվորների հետ, հետաքրքրվել է զինծառայության մասին նրանց պատկերացումներով: