Հայ զինծառայող-մարզիկները նվաճել են ձյուդոյի առաջնության չեմպիոնի տիտղոսը
18 July, 2014 00:00Հուլիսի 15-ից 18-ը Հայաստանում անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ձյուդոյի առաջնությունը: Բանակային մարզիկների ձյուդոյի առաջնությանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերը ներկայացնող մարզիկներ:
Առաջնության հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակությունների և Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչներ:
Առաջնության ընթացքում ծավալված համառ ու անզիջում պայքարի արդյունքում և անհրաժեշտ պատրաստվածության ու բարոյակամային հատկանիշների դրսևորման շնորհիվ առաջնության ոսկե մեդալը և մրցաշարի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Զինված ուժերի կենտրոնական մարզական ակումբի զինծառայող, շարքային Գրիգոր Մխիթարյանը: Տարբեր քաշային կարգերում ոսկե մեդալների արժանացան զինծառայողներ Գրիգոր Իվանյանը, Ավետիք Գրիգորյանը և Հակոբ Առաքելյանը: Մրցանակային 2-րդ տեղը և առաջնության արծաթե մեդալները նվաճեցին զինծառայողներ Դավիթ Ղազարյանը և Մհեր Կարապետյանը, բրոնզե մեդալի արժանացավ Էդիկ Պետրոսյանը: Ընդհանուր թիմային հաշվարկում ևս հայ զինծառայող-մարզիկները հաղթանակ նվաճեցին: Մրցանակային երկրորդ տեղը գրավեցին Ռուսաստանի Դաշնության ձյուդոիստները, երրորդը Բելառուսի մարզիկներն էին:
Հաղթանակը նվաճած Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքականին հանձնվեց ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ձյուդոյի առաջնության փոխանցիկ գավաթը: