Անցկացվել է սահմանագծի հերթական դիտարկումը
18 June, 2014 00:00Հունիսի 17-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում:
Նախքան դիտարկումը Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում Տավուշի մարզպետ Հովհաննես Աբովյանը ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացրել սահմանամերձ գյուղերի սոցիալ-տնտեսական վիճակը, մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը` մշտապես կրակի տակ պահելով սահմանամերձ գոտում գտնվող արոտավայրերն ու դաշտերը:
Այնուհետև ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացվել ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, ինչպես նաև շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող այլ հարցեր:
Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում հայկական կողմից դիտարկումը անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Իրժե Աբերլիեն, իսկ ադրբեջանական կողմից` Քրիստո Քրիստովը և Պիտեր Սվեդբերգը:
Դիտարկումն անցկացվել է տեսողական շփման միջոցով, քանի որ Ադրբեջանը կրկին հրաժարվել է սահմանը հատելու և երկկողմ շփում անցկացնելու առաջարկից:
Հայ-ադրբեջանական սահմանագծում կայացած դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի արձանագրվել: