Այց Կենտրոնական հավաքակայան
9 January, 2014 00:00Ձմեռային զորակոչի ընթացքին տեղում ծանոթանալու համար հունվարի 9-ին Կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Հավաքակայանում պաշտպանության նախարարը հետևել է ծառայության վայրի ընտրության վիճակահանությանը, զրուցել զինակոչիկների հետ: «Համապատասխան կրթություն ունեցող զինակոչիկներն իրենց ծառայությունը կիրականացնեն այն ստորաբաժանումներում, որտեղ նրանց գիտելիքների կարիքը կա, օրինակ` հակաօդային պաշտպանության, հատուկ նշանակության ստորաբաժանումներում, կամ կծառայեն որպես հրետանավոր, կապավոր և այլն, կզբաղեցնեն նաև կրտսեր հրամանատարական պաշտոններ»,-հայտնել է Ս. Օհանյանը:
Հավաքակայանում պաշտպանության նախարարը ծանոթացել է բուժհանձնաժողովի աշխատանքների ընթացքին, մասնագիտական կաբինետներում ընթացող հետազոտությունների պայմաններին, մանրամասնորեն հետաքրքրվեց բուժհետազոտության ընթացակարգի, լրացուցիչ բուժհետազոտության համար հավաքակայանից վերադարձածների թվի, պատճառների, հիվանդությունների բնույթի մասին, տվել համապատասխան հանձնարարականներ բժշկական հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Սեյրան Օհանյանը զրուցել է նաև որդիներին ճանապարհելու եկած ծնողների հետ` ընդգծելով, որ ծառայության վայրի ընտրության վիճակահանության մեթոդը հնարավորություն է տալիս բացառելու կոռուպցիոն ռիսկերը և ապահովում է զորակոչի թափանցիկությունը: