Այցելություն ՀՀ հարավարևմտյան սահամանագոտում տեղակայված զորամաս (ֆոտոշարք, տեսանյութ)

27 November, 2013 00:00
Ազգային բանակի գործունեության թափանցիկությանն ու բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված գործնական քայլերի շրջանակում հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները նոյեմբերի 27-ին եղան ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում, մարտական հենակետերում և զորավարժարանում:

Լրագրողների այցին միացել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամաս ժամանած զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ հարավային ուղղությամբ իրականացվող շրջայցի նպատակն է ամրապնդել բանակ-հասարակություն կապը, հասարակությանը ներկայացնել ԶՈւ ձեռքբերումներն ու արատավոր երևույթների դեմ պաշտպանական գերատեսչության կողմից տարվող պայքարի արդյունքները: Վազգեն Սարգսյանի կիսանդրուն ծաղիկներ դնելու արարողությանը հաջորդեց զորամասի տարածքում կազմակերպված շրջայցը, որի ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչները եղան զորանոցում ու բուժկետում, ծանոթացան զինծառայողների համար առկա սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցեցին երկամյա պարտադիր ծառայություն իրականացնող զինվորների հետ: ՀՀ պաշտպանության նախարարին և լրագրողներին զորամասում ցուցադրվեցին սպառազինության մի շարք արդի միջոցներ, ներկայացվեցին դրանց մարտավարամասնագիտական կարողություններն ու չափորոշիչները: Զորամասի ենթակայությամբ գործող զորավարժարանում լրատվամիջոցների ներկայացուցչները մասնակցեցին կրակային պատրաստության և մեքենավարման պարապմունքներին: Կրակային պարապմունքների և կրակային խոցումների արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած հրաձիգները պաշտպանության նախարարի կողմից խրախուսվեցին արժեքավոր նվերներով: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ուղեկցող բարձրաստիճան զինվորականները և լրագրողները եղան նաև առաջնագծում, շրջեցին խրամուղիներով, ծանոթացան մարտական հենակետերում առկա ինժեներական կառույցների հնարավորություններին, զրուցեցին մարտական ծառայություն իրականացնող զինծառայողների հետ: Մարտական հենակետում անցկացված ասուլիսում Սեյրան Օհանյանը ներկայացրեց ԶՈւ ընթացիկ տարվա ձեռքբերումներն ու գալիք ուսումնական տարվա խնդիրները: «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը: Մեր ամրոցում` մեր օրենքներով կամ միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» - սա պաշտպանության նախարարության եկող տարվա կարգախոսն է, որը նախանշում է 2014 թվականին զինված ուժերին նախարարի կողմից առաջադրված գերակա խնդիրներն ու աշխատանքային ուղղությունները: Անդրադառնալով զինված ուժերի համալրման հերթական գործընթացին` պաշտպանության նախարարը նշեց, որ արդարության սկզբունքն ապահովելու նպատակով առաջիկա համալրումը կիրականացվի վիճակահանության միջոցով: Այսինքն` զինակոչիկն ինքն է իր ձեռքով ընտրելու զինծառայության վայրը: Ի պատասխան լրագրողների կողմից բարձրաձայնված հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների սանձազերծման դեպքում ՀԱՊԿ-ը և մասնավորապես Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը կմիջամտեն հնարավոր մարտական գործողություններին, նախարարը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և մեր ՀՀ զինված ուժերն ու Արցախի Պաշտպանության բանակը միասնաբար ի զորու են պաշտպանելու ԼՂՀ անվտանգությունը: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը եղավ նաև բանակային զորամիավորումներից մեկի զորավարժարանում, որտեղ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հ. Բաղմանյանի, բարձրաստիճան սպաների, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Ա. Գրիգորյանի և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հետևեց ընթացող շինարարական աշխատանքներին: Իրականացվող աշխատանքների ավարտին զորավարժարանը համապատասխանելու է արդի չափորոշիչներին, ինչը զորամիավորմանը ենթակա ստորաբաժանումներին մարտական պատրաստության պլանով նախատեսված կրակային պարապմունքներն առավել արդյունավետ անցկացնելու հնարավորություն կընձեռի: