ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը 20 տարեկան է

15 November, 2013 00:00
Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տոնական հանդիսությամբ նշվեց կրթօջախի կազմավորման 20-րդ տարեդարձը:

Կրթօջախի ուսուցչական և կուրսանտական կազմերին այդ կապակցությամբ շնորհավորելու համար վարժարան էին այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալները, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ, կուրսանտների ծնողներն ու հարազատները: Տոնական միջոցառումը մեկնարկեց վարժարանի առաջին կուրսի սաների երդման արարողությամբ: Նորընծա կուրսանտները միասնաբար երդվեցին դառնալ հայրենիքի անձնվեր պաշտպանները, լինել ազնիվ և կարգապահ: Ողջունելով հանդիսության մասնակիցներին և հյուրերին՝ ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը հակիրճ ներկայացրեց վարժարանի կազմավորման պատմությունն ու անցած ուղին` հպարտությամբ նշելով, որ անցած 20 տարիների ընթացքում վարժարանը կրթել և իբրև հասարակության լիարժեք անդամների կյանք է ճանապարհել ավելի քան 1000 սանի: Գնդապետը հավելեց նաև, որ անցած տարիներին վարժարանի սաները մասնակցել են բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների՝ ամենուր բարձր պահելով կրթօջախի անունն ու հեղինակությունը: Այդ ամենից զատ` հենց Մոնթեականներին է վերապահված բացել Հանրապետության հրապարակում անցկացվող զորահանդեսները: Տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում ընդգծեց, որ հպարտությամբ վերհիշում ռազմամարզական կրթօջախի անցած ուղին և կուրսանտների արձանագրած հաջողությունները: Համոզմունք հայտնելով, որ վարժարանի անձնակազմը այսուհետ ևս բարձր կպահի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունը, պաշտպանության նախարարը նկատեց, որ հաջողությունը հենց այնպես չի տրվում. այն արդյունքն է ամենօրյա քրտնաջան ու նպատակասլաց աշխատանքի: Աշխատանք, որը միտված է հանրապետության ռազմաուսումնական բարձրագույն հաստատությունների համար ռազմական գործին քաջատեղյակ և կամային բարձր հատկանիշներով օժտված պատանիների պատրաստմանը: Հանդիսավոր միտինգին հաջորդած պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով վարժարանի մի խումբ զինծառայողներ և սաներ պարգևատրվեցին ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով, նվերներով և պատվոգրերով: Վարժարանի մի շարք զինծառայողներ արժանացան սպայական հերթական կոչումների: Ձևավորված ավանդույթի համաձայն` Մոնթե Մելքոնյանի անձնական ինքնաձիգը մեկ տարի ժամկետով կցագրվեց վարժարանի առավել ուսումնատենչ և կարգապահ կուրսանտին: Այս տարի այդ պատիվը վերապահվեց կուրսանտ Հայկազ Բաշոյանին: Տոնական միջոցառման ավարտն ազդարարեցին վարժարանի կուրսանտների ցուցադրական ելույթները, որոնց ընթացքում ներկայացվեցին մարտարվեստի մի շարք հնարքներ: