Մամուլի հաղորդագրություն

14 September, 2012 00:00
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 14-ին այցելել է «Մարշալ Բաղրամյան» ուսումնական զորամաս և ներկա գտնվել համակարգչային լսարանի բացմանը, որն իրականացվում է ՀՀ կառավարության որոշմամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Լսարանի բացման հանդիսավոր արարողությունից առաջ` ելույթ ունենալով հավաքվածների և զորամասի անձնակազմի առջև, Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել երիտասարադական կառույցների հետ համագործակցությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ռազմական կրթության որակի բարձրացումը պաշտպանության նախարարության գերակա խնդիրներից է. «Մենք գիտելիքներով ենք զինում մեր զինվորին»,- նշել է նախարարը և հավելել, որ նման դասարանների բացումը հնարավորություն է ընձեռնում ժամկետային զինծառայողներին էլ ավելի խորացնել գիտելիքները, արդյունավետ աշխատել ու տիրապետել հսկայածավալ տեղեկատվության, ինչպես նաև ծրագիրն օգնելու է բուհերում ուսումնառությունը շարունակել ցանկացող կամ այն կիսատ թողած զինծառայողներին հմտանալ մասնագիտական բնագավառում, ինչն ավելի դյուրին կդարձնի նրանց հետագա ուսումը` ծառայությունն ավարտելուց հետո: Ելույթով հանդես է եկել նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ով, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, նշել է, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու և նմանաբնույթ դասարաններ բացվելու են ՀՀ ԶՈՒ բոլոր զորամասերում: