Լրագրողները մասնակցել են կրակային պատրաստության դասընթացի

8 October, 2012 00:00
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչներ այցելել են 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկի հրաձգարան:

Այցելության ընթացքում լրագրողները ծանոթացել են ներկայացված զինատեսակներին, դրանց կիրառման մեդոթներին և ընդհանուր նկարագրությանը: Այցելության ընթացքում լրագրողներին հնարավորություն է ընձեռվել մասնակցել կրակային պարապմունքի: Կրակային պատրաստության դասընթացին իրենց լավագույնս են դրսևորել հատկապես իգական սեռի ներկայացուցիչները՝ ցուցաբերելով գոհացուցիչ ցուցանիշներ: Կին լրագրողներից երկուսը խոցել են սահմանված բոլոր թիրախները: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կարևորել է միջոցառման անցկացումը ինչպես լրագրողների մարտական պատրաստության, այնպես էլ բանակ-հասարակության կապող օղակներից մեկի՝ ԶԼՄ-ների հետ վստահության և փոխգործակցության մթնոլորտի ամրապնդման հարցում: Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ լրագրողների հետ համագործակցության շրջանակներում իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնք միտված են գերատեսչության և լրատվամիջոցների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ու ամրապնդմանը: Լրագրողներն իրենց հերթին ներկայացրել են տպավորությունները՝ գոհունակություն հայտնելով հաստատված պարբերական շփումների կապակցությամբ: