Հայաստանում է ԻԻՀ զինվորական պատվիրակությունը

8 February, 2013 00:00
2013թ. փետրվարի 7-ից 9-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությունը:

Փետրվարի 8-ին իրանական պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Նույն օրը Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանը ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հանդիսավոր պայմաններում բացել են պարսկական կողմի աջակցությամբ կահավորված պարսկերենի ուսուցման լսարանը: Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի և իրանական պատվիրակության միջև հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ռազմաուսումնական կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացման հարցեր: Այցի շրջանակներում նախատեսվում է իրանական պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Երևանի Կապույտ մզկիթ, Մատենադարան և այլ վայրեր: