ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պատասխանը Ազգ օրաթերթի հարցին
25 October, 2011 00:00Հարց – Ինչպե՞ս կմեկնաբանեիք պաշտպանության փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի և Վլադիմիր Գասպարյանի միջև վերջին օրերին ծագած հակասությունների մասին մամուլի հրապարակումները:
Պատասխան - Մամուլում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց, պաշտպանության փոխնախարարների միջև հակասություններ են առաջացել, չեն համապատասխանում իրականությանը: Երկու փոխնախարարների վերջին օրերի հայտարարությունների և գործողությունների մեջ հակադրություններ գտնելու փորձերը խոսում են այն մասին, որ այդ հայտարարությունները ընկալվել և մեկնաբանվել են սուբյեկտիվ տարբեր ձևերով և միտումնավոր շահարկվում են:
Ինչ վերաբերում է հասարակական տարբեր խմբերի կողմից բանակի վերաբերյալ քննարկումների ծավալմանը և պաշտպանական գերատեսչության թափանցիկության և հաշվետվողականության պահանջին, ապա պետք է նշեմ, որ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում բանակում առկա խնդիրները հասարակության աջակցությամբ կարգավորելու քաղաքացիական առողջ նախաձեռնությունները և գոյություն ունեցող անվտանգային միջավայրին համահունչ փորձագիտական առաջարկությունները, սակայն միաժամանակ անհանդուրժող է բոլոր այն քայքայիչ ու մերկապարանոց գործողությունների հանդեպ, որոնք բանակի խնդիրները շահարկում են` դարձնելով այն ինքնահաստատման և ֆինանսական ապահովության աղբյուր: