ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթը ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստի ժամանակ

1 July, 2011 00:00

Հարգելի գործընկերներ Այսօր նշանակալի օր է մեզ համար: ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի այս եզրափակիչ նիստին հավաքվել ենք ամփոփելու մոտ երկու և կես տարի տևողությամբ գործընթացի արդյունքները: Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից բացի, նիստին այսօր ներկա են վերանայման գործում առավել աչքի ընկած փորձագետները, գործընթացին միջազգային օժանդակության աշխատանքներում բացառիկ ներդրում կատարած մեր գործընկեր պետությունների` ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի խորհրդատուները, ինչպես նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայացուցիչները: Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը մեկնարկեց դեռևս 2008թ. ամռանը, որից հետո մեր հրավերով Հայաստան ժամանեցին միջազգային խորհրդատուները` օժանդակելով վերանայման մեթոդաբանության մշակման և իրականացման փուլերի նախանշման գործում: Գործընթացը համապետական մակարդակով համակարգելու և մասնագիտորեն ուղղորդելու համար հանրապետության Նախագահի հրամանագրով 2008թ. սեպտեմբերին ձևավորվեց միջգերատեսչական հանձնաժողովը: Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մի ուշագրավ գործընթաց էր, երբ պաշտպանության և անվտանգության ապահովման գործում դերակատարում ունեցող պետական կառավարման բոլոր մարմինների միասնական ջանքերը ուղղորդվեցին պաշտպանության համակարգը երկրի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին համապատասխանեցնելու և այդ միջավայրից բխող սպառնալիքների հետ հավասարակշռելու գործին: Միահամուռ կերպով նման աշխատանքների կատարումը 21-րդ դարի հրամայականն է, քանի որ միայն «ազգային հզորության 4 գործիքների»` դիվանագիտական, ռազմական, տնտեսական և տեղեկատվական ներուժի համադրմամբ կարող ենք լիարժեք ապահովել պետության անվտանգությունը: Իսկ անվտանգությունն, ինչպես գիտեք, նման է թթվածնի, երբ այն լիառատ է, չենք մտածում դրա մասին, իսկ երբ սկսում է պակասել, բոլոր մտածմունքներն ուղղվում են այն հայթայթելուն: Ռազմավարական վերանայման նպատակն էր ապահովել առկա սպառնալիքների բացահայտման, դրանց դիմագրավման համար անհրաժեշտ ռազմավարության մշակման, պահանջվող կարողությունների պլանավորման, ծրագրման և բյուջետավորման աշխատանքների տրամաբանական կապը: Ընդունելով, որ յուրաքանչյուր որոշման կայացումն ու իրականացումը ենթադրում է դիտարկման, կողմնորոշման, որոշման կայացման և իրականացման փուլեր, իսկ այս պարագայում որոշման ենթակա խնդիրը Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդումն է, ապա կարող ենք արձանագրել, որ պաշտպանության ռազմավարական վերանայման ժամանակ իրականացվեցին դիտարկման և կողմնորոշման աշխատանքները: Այժմ անցել ենք ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման փուլին, որը ենթադրում է Նախագահի հաստատած ռազմավարական պլանավորման փաստաթղթերի ցանկով սահմանված փաստաթղթերի, այդ թվում` Զինված ուժերի զարգացման պլանի կատարում: Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի առանձին փուլերի ընթացքում ի հայտ բերվեցին Հայաստանին սպառնացող արտաքին և ներքին սպառնալիքները, որոնք բազմազան էին, սկսած հարևան պետության կողմից լայնածավալ պատերազմից, հարևան երկրներում հակամարտություններից և վերջացրած տեխնածին աղետներով և ժողովրդագրական ցուցանիշների անկումով: Այնուհետև կատարվեց այդ սպառնալիքների վերլուծություն` Հայաստանի վրա դրանց ազդեցության չափի, սպառնալիքի իրականացման հավանականության և դրան հակազդելու մեր ունակության առումներով: Մշակվեցին նաև սպառնալիքների իրականացման դեպքում զարգացման հավանական սցենարները և ռազմավարական պլանավորման նկատառումները: Ընդ որում, մշակվեցին այդ նկատառումների երկու տրամագծորեն տարբեր ենթախմբեր: Առաջին ենթախումբը ենթադրում էր, որ միջնաժամկետ հեռանկարում` այսինքն մինչև 2015թ., պահպանվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հաստատված ստատուս քվոն: Դրան հակառակ, երկրորդ ենթախումբը դիտարկում էր հակամարտության խաղաղ հանգուցալուծման հնարավորությունը: Դրա հիման վրա ռազմավարական պլանավորման երկու ենթախմբերը ենթադրում են ՀՀ Զինված ուժերի թվաքանակի և տեղակայման, առաջադրված խնդիրների և համալրման հարցերի, ինչպես նաև Հայաստանի ֆինանսատնտեսական իրավիճակի վերաբերյալ երկու տարբեր մոտեցումներ: Ռազմավարական վերանայման հաջորդ նպատակն էր ի հայտ բերել սպառնալիքներին դիմագրավելու նպատակով զինված և այլ ուժերին, ինչպես նաև պետության պաշտպանության և անվտանգության գործում իրենց մասնաբաժինը ունեցող բոլոր գերատեսչություններին վերապահված դերերը, առաջադրված առաքելությունները և խնդիրները: Գնահատվեցին զինված ուժերի առկա ռազմական կարողությունները և մշակվեց ռազմական կարողությունների այն ցանկը, որոնք անհրաժեշտ են առաջադրված խնդիրների կատարման համար: Առկա և պահանջվող ռազմական կարողությունների միջև պակասորդի լրացման, ինչպես նաև գոյություն ունեցող ուժերի և միջոցների պահպանման և կատարելագործման նպատակով նախ և առաջ մշակվեց ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը, իսկ այնուհետև նաև զինված ուժերի զարգացման պլանը, որը վերջերս հաստատվեց ՀՀ Նախագահի կողմից: Զինված ուժերի զարգացման պլանը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երկարաժամկետ և կայուն զարգացման ապահովմանը, որն իրականացվելու է հուսալի պաշտպանական կարողության ստեղծման, օպտիմալացման, վերակառուցման, արդիականացման և ռազմական ներգրավման միջոցով: Այդ նպատակով զինված ուժերի պատրաստականության մակարդակը, կառուցվածքը, սպառազինությունը և ռազմական տեխնիկան համապատասխանեցնելու ենք առկա խնդիրներին, շեշտը դնելով որակական, այլ ոչ թե քանակական ցուցանիշներին հասնելու վրա և ձգտելով զինված ուժերին հաղորդել «խելացի ուժերի» հատկանիշներ: Դրա հետ մեկտեղ, ռազմավարական պլանավորման փաստաթղթերի ցանկով նախատեսված մեկ այլ կարևորագույն փաստաթղթի` ՀՀ տարածքի օպերատիվ սարքավորման պլանի մշակման միջոցով նախանշվեցին Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում ներդրում կատարելու համար պետական կառավարման այլ մարմինների կարիքները` ռեսուրսների և ենթակառույցների ապահովման հարցերով: Այսպիսով, ռազմավարական վերանայման աշխատանքներն ավարտվել են` դրանց ոչ գաղտնի արդյունքների հրապարակմամբ, որոնք հասանելի են պաշտպանության նախարարության համացանցային կայքէջում, ինչը հնարավորություն է տալիս ՀՀ հասարակությանը և միջազգային հանրությանը ծանոթանալ Հայաստանի պաշտպանության ոլորտի ներկային և ապագային: Այս բոլոր աշխատանքներն իրականացվեցին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից մանրակրկիտ համակարգման և վերահսկողության պայմաններում: Չեմ ցանկանում առանձնացնել որևէ գերատեսչություն, քանի որ նրանցից յուրաքանչյուրը աշխատանքների այս կամ այն փուլում նշանակալի ջանքեր գործադրեց մեր այս ընդհանուր ձեռնարկի հաջող ավարտի համար: Հատուկ ցանկանում եմ ընդգծել մեր միջազգային խորհրդատուների` պաշտոնաթող գեներալ-մայոր Ջ.Դրևինկևիչի, դոկտոր Անտոնիուս Բերնարդսի և դոկտոր Տիֆանի Պեդրոսի անգնահատելի ավանդը: Նրանք մեր կողքին էին գործընթացի մեկնարկից մինչև ավարտը, ցուցաբերելով ոչ միայն բացառիկ իմաստություն և պրոֆեսիոնալիզմ, այլ նաև գործին անձնական նվիրվածություն: Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ իրականացված փորձագիտական քննարկումներին, ապա գործընթացի շրջանակներում դրանք առնչվել են ոչ միայն ՀՀ Զու զարգացման հեռանկարներին, այլև ՀՀ-ՌԴ զորքերի /ուժերի/ միացյալ խմբավորման դերի, առաքելության և համատեղ գործելու կարողությունների զարգացմանը: Համոզված լինելով, որ պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացումը հանգուցային նշանակություն է ունենալու Հայաստանի պաշտպանունակության և անվտանգության ապահովման գործում, որոշել ենք ըստ արժանվույն գնահատել գործընթացին իրենց ավանդը բերած պաշտոնյաների և մասնագետների ջանքերը: Թույլ տվեք այսքանով եզրափակել ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Ուրախ եմ արձանագրել, որ այս ամբողջ ժամանակահատվածի ընթացքում մեր գերատեսչությունների մասնագետների միջև հաստատվել է ամուր և կայուն համագործակցություն և աշխատակցում, որը թույլ կտա ռազմավարական վերանայման արդյունքների իրականացման ժամանակ գործակցել աշխատանքային մակարդակով: