Միջազգային գիտաժողով Երևանում

19 November, 2011 00:00

Նոյեմբերի 17-18-ը Երևանում անցկացվեց «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» խորագրով միջազգային գիտաժողով, որը կազմակերպել էր Քաղաքական գիտությունների ակադեմիական գիտահետազոտական հիմնադրամը` ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Գիտաժողովին մասնակցում էին անվտանգության բնագավառի փորձագետներ ԱՄՆ-ից, Իսրայելից, Կանադայից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից և Ռուսաստանի Դաշնությունից: Գիտաժողովի բացմանը ՀՀ Նախագահի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետ Արտակ Ապիտոնյանը հնչեցրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ողջույնի խոսքը ներկայացրեց ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Բացման խոսքերով հանդես եկան ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ-ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Բարձր գնահատելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը` միևնույն ժամանակ գիտաժողովի մասնակիցները (մասնավորապես` «Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհուրդ» ռազմավարական կենտրոնի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ավագ գիտաշխատող Ուեյն Մերրին (ԱՄՆ), «Չաթըմ Հաուսի» Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ավագ վերլուծաբան Ջեյմս Շերը (Մեծ Բրիտանիա), Արևելաեվրոպական և ասիական հետազոտությունների կենտրոնի եվրոպական ծրագրերի տնօրեն Ջորջ Նիկուլեսկուն (Բրյուսել)) նշեցին, որ Հայաստանը պետք է իր հարևանների հետ հարաբերություններում ցուցաբերի ավելի մեծ ճկունություն, որը կնպաստի տարածաշրջանում մեր երկրի ռազմավարական դերի մեծացմանը: Գիտաժողովի քննարկումների ժամանակ կարևորագույն հարցերից էր տարածաշրջանի էներգետիկ աշխարհաքաղաքականությունը: Այս հարցի վերաբերյալ իր տեսլականը ներկայացրեց բնագավառի անվանի մասնագետներից մեկը` Վուդրո Վիլսոնի միջազգային կենտրոնի եվրոպական էներգետիկ անվտանգության նախաձեռնության խորհրդական Ալեքսանդրոս Պետերսենը: Նա նշեց, որ Հայաստանն ունի տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող կենտրոն դառնալու ներուժ և իրական հնարավորություններ: Պետերսենը շեշտեց Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման կարևորությունը, որը կնպաստի ինչպես Հայաստանի էներգետիկ կշռի ավելացմանը, այնպես էլ տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովմանը: Քննարկված հարցերից էր նաև Սփյուռքի հնարավորությունները Հայաստանի կողմից ավելի լիարժեք օգտագործելու հարցը, որին անդրադարձան պրոֆեսորներ Ջեյմս Դերդերյանը` Բրաունի համալսարանի միջազգային հետազոտությունների Վաթսոնի ինստիտուտից (ԱՄՆ) և Ալեն Ուայթհորնը` Թագավորական ռազմական քոլեջից (Կանադա): Գիտաժողովի ռուս մասնակիցները, մասնավորապես` Կարնեգիի Մոսկվայի կենտրոնի փորձագետ Անդրեյ Ռյաբովը և Քաղաքական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Նիկիտինը անդրադարձան Հարավային Կովկասում ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի քաղաքականությանը` ընդգծելով, որ այն ուղղված է տարածաշրջանում կայունության պահպանմանը: Նրանց խոսքերով` միջնաժամկետ հեռանկարում ՌԴ-ի քաղաքականության մեջ չեն դիտվի արմատական փոփոխություններ, և ՌԴ-ն հետևողականորեն կշարունակի վարել տարածաշրջանային հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու իր քաղաքականությունը: ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետի տեղակալ Բենիամին Պողոսյանի կողմից անդրադարձ եղավ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Եվրամիության համագործակցության հեռանկարներին: Արծարծված առանցքային հարցերից էին տարածաշրջանային հակամարտությունների (Ղարաբաղյան, Աբխազական և Հարավօսական) ներկա վիճակն ու կարգավորման հնարավոր ուղիները: Հարցին անդրադարձան գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետի խորհրդական Նիկոլայ Հովհաննիսյանը, ինչպես նաև Ուեյն Մերրին, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ հարցերով ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը (Իսրայել), «Սեյֆըր Ուորլդ» հասարակական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով ավագ խորհրդական Քրեյգ Օլիֆանտը (Մեծ Բրիտանիա), «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահի տեղակալ Արամ Գասպարյանը: Նրանք ընդգծեցին տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցում նոր մոտեցումների և լայնախոհության դրսևորման անհրաժեշտությունը` խարսխված հանդուրժողականության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համակարգային կիրառման վրա: Բոլոր մասնակիցները շեշտեցին այսօրինակ գիտաժողովի կարևորությունը: Նրանք նաև իրենց գոհունակությունը հայտնեցին գիտաժողովի գիտական-կազմակերպչական առումով բարձր մակարդակով անցկացման վերաբերյալ: ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա, Քաղաքական գիտությունների ակադեմիական գիտահետազոտական հիմնադրամ