Հաղորդագրություն Մամուլի Համար

30 January, 2007 00:00
Ս.թ. հունվարի 30-ին Օդեսայում մեկնարկած ուկրաինա-ամերիկյան ռազմածովային «Սի Բրիզ-2007» զորավարժությանը Հայաստանը կմիանա պլանավորման գլխավոր փուլում` մարտի 13-15-ը, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն և կհամաձայնեցնեն հետագա զորաշարժերի նպատակը և թեմատիկան, զորավարժություններին ներգրավվող ուժերի և շտաբների կառուցվացքն ու կազմակերպումը

Իսկ ս.թ. մայիսի 15-17-ը կայանալիք վերջնական պլանավորման ընթացքում կոնֆերանսի մասնակիցները նախատեսում են անցկացնել Նիկոլաևի մարզի «Շիրոկի Լան» համազորային ռազմափորձադաշտի և Օդեսա նավահանգստի կառանման ճակատի տեղադիտում, որտեղ և նախատեսվում է զորավարժությունների անցկացումը: Հուլիսի 9-28-ը` բուն զորավարժությունների ժամանակ, նախատեսվում է մշակել բազմազգ ստորաբաժանումների համատեղ գործողություններ և բարձրացնել ուժերի` խաղաղության պահպանմանը և հակաահաբեկչական գործողություններին ուղղված փոխհամատեղելիության մակարդակը: Ընդ որում կարևորվում է սևծովյան և Կասպից ծովի ավազանի պետությունների դերը ծովային անվտանգության ապահովման և խաղաղության պահպանման համատեղ գործողությունների ժամանակ: Նշված զորավարժության բոլոր փուլերին հայկական կողմը կմասնակցի դիտորդի կարգավիճակում: