Հաղորդագրություն Մամուլի Համար
7 February, 2007 00:00 Ս.թ. փետրվարի 7-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկո Կլեմենտիին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Խոսելով հայ-իտալական ռազմական հարաբերությունների մասին` կողմերը անրադարձան երկու երկրների միջև իրականացվող երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը: Խոսեցին նաև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, ինչպես զինված ուժերում, այնպես էլ երկրում իրականացվող բարեփոխումների մասին:
Նախարար Սերժ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, մաղթեց նորանոր հաջողություններ հետագա աշխատանքում և մասնավորապես ասաց. «Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել Հռոմի, Իտալիայի դերը մեր պատմության մեջ: Եվս մեկ անգամ համոզվում եմ, որ Իտալիայում հայկական մշակույթն այսօր էլ զարգանում է: Այս դրական ֆոնի վրա մենք պարտավոր ենք զարգացնել նաև ռազմական համագործակցությունը: Կարծում եմ, որ անպայման հաջողության կհասնենք»: