Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցը Մոսկվա
6 March, 2007 00:00Ս.թ. մարտի 4—ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար, ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հերթական նիստին։
Նիստի ընթացքում դրական է գնահատվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության դինամիկան, նշվել է Կովկաս-Փոթի լաստանավի գործարկման ճշգրիտ ժամկետը, ուսումնասիրվել Հայաստանում նավթի վերամշակման ձեռնարկության ստեղծման հնարավորությունը:
Նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նախարարը նշեց. “Ես կարծում եմ, որ սա վերջին մեր հանդիպումն է, որից հետո լաստանավը կսկսի աշխատել: Պայմանավորվեցինք, որ ամենից ուշը մինչև ապրիլի 10-ը լաստանավը արդեն կաշխատի:” Մոտ ապագայի պլաններում Սերժ Սարգսյանը նշեց նույն երթուղով ավտոմոբիլային լաստանցման գործարկումը, ինչը էապես կազդի Հայաստանում արտադրվող և Ռուսաստանի շուկայում պահանջարկ ունեցող ապրանքների ծավալի աճի վրա: “Սա միայն մեկ էպիզոդ չէ, այլ մեր ընդհանուր աշխատանքների բաղկացուցիչ մաս, որը անպայման կօժանդակի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արդյունաբերության զարգացմանը:”
Նախարարը խոսեց նաև Հայաստանի հարավում նավթի վերամշակման ձեռնարկության ստեղծման հնարավորության մասին. “Գաղափարներ, որ առաջին հայացքից թվում են անիրականանելի, իրականացել են: Վստահ եմ, որ սա էլ է իրականանալու: Այստեղ ուղղակի ծավալների խնդիր է. դա հինգ հարյուր միլիոն դոլլարից ավել ներդրումներ են և, բնականաբար, մեկ օրում այդպիսի ներդորւմ չի իրականացվում:”
Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի, տնտեսության եւ կրթության հարցեր։ Շեշտվել է համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը։ Մեկ ժամից ավելի տեւած հանդիպման ընթացքում զրուցակիցները շոշափել են պաշտպանական ոլորտում գործակցությունը խորացնելու հարցը, անդրադարձել են նաեւ երկու երկրների քաղաքական զարգացումներին։