Համատեղ ձգտում - 2007
26 April, 2007 00:00Ս.թ. ապրիլի 27-ին մարշալ Ա.Խանփերյանցի անվան ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն ինստիտուտում ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրեի մասնկացությամբ տեղի կունենա ԱՄՆ եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում - 2007» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը:
ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում իրականացվող «Համատեղ ձգտում - 2007» զորավարժությունների նպատակն է փորձարկել, նույնացնել և փաստաթղթերով հիմնավորել հաղորդակցման միացյալ բազմազգ ռազմավարական և մարտավարական համակարգերի փոխգործակցությունը:
Յուրաքանչյուր տարի տարբեր ազգերից մոտ 1000 մասնակիցներ են հավաքվում Գերմանիայի Բաումհոլդեր քաղաքում իրականացվող զորավարժությունների գլխավոր օպերացիոն խմբում, որն աշխատում է ազգային պատվիրակությունների` առաջնային գոտում տեղակայված փոքրիկ խմբերի հետ` նպատակ ունենալով ամրապնդել հաղորդակցումը տեղակայման վայրերի միջև:
Այս տարի Հայաստանը, որպես առաջնային օպերացիոն գոտի, հյուրընկալում է Խորվաթիայի, Ֆրանսիայի, Ռւուսաստանի, Վրաստանի և ԱՄՆ-ի պատվիրակություններին` զորավարժությունների իրականացման կենտրոն դարձնելով ռազմաավիացիոն ինստիտուտը:
Հայաստանում մասնակից 6 պետությունների և Բաումհոլդերի գլխավոր օպերացիոն խմբում մասնակից 42 պետությունների միջև 15 օրվա ընթացքում կանցկացվի 62 ստուգարք: Արդեն հինգերորդ տարին է, ինչ Հայաստանն ընդգրկված է Գլխավոր խմբում, որտեղ հայկական կողմը հանդես է գալիս 15 հոգուց բաղկացած պատվիրակությամբ: «Համատեղ ձգտում - 2007» զորավարժություններին հայկական անձնակազմն, ընդհանուր առմամբ, մասնակցում է 29 հոգով, որոնք անմիջականորեն ընդգրկված են գլխավոր և առաջնային օպերացիոն խնբերում:
Դեռևս 2002թ. հայկական կողմը զորավարժություններում հանդես էր գալիս միայն դիտորդի դերում, իսկ 2003թ.-ից Հայաստանն արդեն զորավարժությունների լիարժեք մասնակից է` տարեց տարի ավելացնելով մասնակիցների թիվը:
13-ամյա պատմություն ունեցող «Համատեղ ձգտում - 2007» զորավարժություններին մասնակից պետությունների միջև հարաբերություններն արդեն համակարգված են, բացերը` լրացված, ինչի արդյունքն արդեն տեսանելի է խաղաղության բազմազգ ամրապնդման, հումանիտար օգնության, աղետներին արձագանքման և մարտական առաքելության իրականացման գործում: