Պաշտպանության նախարարը ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
22 May, 2007 00:00Ս.թ. մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիռեզա Հադիղիանին:
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ինչպես նաև փոխանցեց Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոստաֆա Նաջարի շնորհավորական ուղերձը:
Միքայել Հարությունյանն իր հերթին կարևորեց պաշտպանության և անվտանգության բնագավառներում երկկողմ համագործակցությունը և հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները վճռական են էլ ավելի զարգացնելու հայ-իրանական բարեկամական հարաբերությունները` ընդգծելով, որ դրանք ամրագրված են դարավոր պատմությամբ:
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին` կողմերն արձանագրեցին երկու երկրների կողմից տարածաշրջանային կայունությանը միտված քաղաքականության փաստը:
Կողմերն անդրադարձան նաև հայ-իրանական տնտեսական համագործակցության ոլորտում վերջերս արձանագրված լուրջ առաջընթացին, մասնավորապես` Իրան-Հայաստան գազամուղի շահագործման բացմանը, Իրանի և Հայաստանի միջև նոր, երկշղթա էլեկտրահաղորդման գծի կառուցմանը:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ գործընկերության նախատեսվող անհատական ծրագրերին, ՀՀ պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց դրված չէ: