Միքայել Հարությունյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին
22 June, 2007 00:00Ս.թ. հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Հանդիպման սկզբում Ռ.Սիմոնսը շնորհավորեց Մ. Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, խոսեց Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին: Կարևորելով Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար առաքելություններում, նա բարձր գնահատեց մեր գործընկերությունը մասնավորապես Կոսովոյում, որտեղ Հայաստանը մյուս խաղաղապահների հետ անվտանգության լուրջ երաշխավոր է դարձել: Կողմերն անդրադարձան նաև Աֆղանստանում գործող ՆԱՏՕ-ի ISAF-ի (Միջազգային անվտանգության աջակցության ուժեր) կազմում Հայաստանից բժիշկներ ներառելու հեռանկարին, որը կունենա բացառապես մարդասիրական ուղղվածություն: Կողմերը մտքեր փոխանակեցին ԱԳԳԾ նախատեսված բարեփոխումների ընթացքի, պաշտպանության ոլորտում քաղաքացիական անձանց ներգրավվածության, ոլորտի աշխատանքների թափանցիկության, տեղեկատվական դաշտի կատարելագործման, միջազգային խաղաղարար ուժերի կազմում հայկական ստորաբաժանումների մասնակցության շարունակականության և մասնագետների պատրաստմանն առնչվող խնդիրների շուրջ: Նախարարը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մոտ օրերս կունենա զինված ուժերի հարցերով զբաղվող ներկայացուցիչ, ինչը կնպաստի Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծմանը: Արձագանքելով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից Ազգային անվտանգության ռազմավարության եռալեզու հատորյակի հանձնմանը, պարոն Սիմոնսը կարևորեց տվյալ փաստաթղթի` միջազգային չափանիշներին համապատասխանությունն ու միջգերատեսչական գործընթացների թափանցիկությունը: Նա իր գոհունակությունը հայտնեց նաև Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի փուլերը հաջողությամբ իրականացնելու վերաբերյալ: Խոսվեց նաև Ռազմական դոկտրինի մասին, որն առանցքային է երկուստեք համագործակցության զարգացման հարցում: Ռ.Սիմոնսը նշեց, որ գործընկերությունը չի մրցակցում այլ անվտանգության համակարգերի հետ` լինի դա Ռուսաստան կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, ընդհակառակը, բոլոր ջանքերն ուղղված են գործընկեր երկրների, այդ թվում Հայաստանի շահերի պաշտպանությանը: Հանդիպման ավարտին կողմերն անրադարձան նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Նախարարն անհանգստություն արտահայտեց Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրից (ԵՍԶՈՒ) Ադրբեջանի` դուրս գալու մասին վերջերս արված հայտարարության վերաբերյալ: Ռ.Սիմոնսն, իր հերթին, ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն որոշակիորեն պաշտպանում է պայմանագրի բոլոր դրույթների անթերի կատարումը, ինչը պայմանավորված է տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման անհրաժեշտությամբ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հավելեց, որ ՆԱՏՕ-ն մոտ ժամանակներս հատուկ քննարկումներ է կազմակերպելու Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից պայմանագրի հանդեպ մորատորիում հայտարարելու վերաբերյալ: