ՀՀ զինված ուժերը համալրվեցին ևս 250 սպաներով
27 June, 2007 00:00Ս.թ.հունիսի 26-ին ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 2007թ. շրջանավարտներին սկզբնական սպայական կոչման շնորհման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմը:
Իր սաների տոնական քայլերթը շարահրապարակում գլխավորելուց հետո ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը հուզմունքով նկատեց, որ սպաների արդեն 8-րդ սերունդն է ուղարկում ՀՀ զինված ուժեր. «Ամեն անգամ ոնց որ նոր սկսեմ գործս: Ինձ համար այս պահերը շատ թանկ են, քանի որ չորս տարի գիշեր-ցերեկ աշխատել եմ այս երիտասարդների հետ, նրանց մարդ եւ իսկական սպա եմ դարձրել: Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր ավելի քան 250 երիտասարդ համալրում է մեր բանակը, որի սպաների մոտ 1/3-ը ռազմական ինստիտուտի սաներն են: Նրանք էապես բարելավում են բանակի կարգուկանոնը, մարտունակությունը»:
Այս արարողությունը ամեն տարի տեղի ունեցող մյուս արարողություններից տարբերվում էր նրանով, որ այս տարի, մոտոհրաձիգներից ու հրետանավորներից բացի, ռազմական ինստիտուտը զինված ուժերն առաջին անգամ համալրում էր տանկիստներով: Ըստ Ս.Միրզոյանի, անցած տարիներին ինստիտուտում չի եղել տանկիստներ պատրաստելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա: Մոտ ապագայում ռուհ-ը աշխատանքներ կտանի նաեւ սակրավորներ պատրաստելու ուղղությամբ: «Տարեցտարի նկատվում է որակական առաջընթաց: Ռազմական ինստիտուտի խնդիրն է պատրաստել որակյալ սպա, որը կարող է ժամանակակից պայմաններում ղեկավարել դասակ, զորք, բանակ»,-ավելացրեց նա: Դիմելով ռուհի սաներին նա համոզմունք հայտնեց, որ նրանք արժանապատվությամբ եւ պատվով են կատարելու զինվորական պարտականությունները` հավատարիմ տրված երդմանը: Լրագրողների հետ զրույցում ռազմական բուհի տնօրենը տեղեկացրեց, որ շարունակվում է նաև զինված ուժերի սպաների վերապատրաստման գործընթացը: Արդեն վերապատրաստվել են ավելի քան 350 սպաներ, գործում են «կապիտան», «մայոր» և «փոխգնդապետ» հաստիքային դասակարգմամբ սպաների որակավորման բարձրացման դասընթացներ:
«Այս օրն ուրախության եւ հպարտության օր է մեր ժողովրդի, ինչպես նաև պաշտպանության նախարարության բոլոր զորամիավորումների ու զորամասերի հրամանատարական կազմի համար: Արցախյան գոյապայքարում ծնված հայկական բանակն այսօր համալրվում է երիտասարդ կադրերով: Բուհում սովորելու տարիներին ստանալով գիտելիքներ, հմտություններ, ունակություններ` նրանք գնալու են համալրելու մեր հայկական բանակը: Այս օրվա մասին երազել ենք ազգովի»,- իր խոսքում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը` շնորհավորելով սպաներին` ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ: Նրա խոսքերով, բարեփոխումների այս շրջանում Հայաստանի խնդիրն է ունենալ տարածաշրջանում մարտունակ բանակ: Նա կոչ արեց հրամանատարներին ընդունել երիտասարդ սպաներին, օգնություն և ուղղություն ցույց տալ, որպեսզի նրանք կատարելագործեն իրենց ունակությունները: Գեներալը հավելեց, որ կադրային քաղաքականության հիմքում դրվում է բանակը երիտասարդ սպաներով համալրելու շարունակական գործընթացը: «Միշտ էլ հայրենականը հարազատն ու ամենաբարձրն է, և մենք պետք է ունենանք մեր հարազատ կադրերը: Ի տարբերություն այլ երկրների ռազմական հաստատությունների, մեզ մոտ ավելի բարձր մակարդակի վրա են դրվում սպաների կամային որակներն ու ֆիզիկական հատկանիշները»,-վստահեցնում է գեներալը` նկատելով, որ «հերոսական մասնագիտության» համար դրանք ամենակարևորն են: