Միքայել Հարությունյանը ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի և Սիրիայի դեսպաններին
29 June, 2007 00:00Ս.թ. հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին:
Հանդիպման սկզբում Ս.Սմեսովը շնորհավորեց Մ. Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Խոսելով օրեցօր խորացող երկկողմ հարաբերությունների մասին, նախարարն ասաց, որ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությամբ հաստատված հարաբերություններն այսօր նախադեպը չունեն, և համոզմունք հայտնեց, որ դրանց ներուժը դեռևս մեծ է` այդ թվում նաև ռազմական բնագավառում: Անդրադառնալով 2008թ. ռազմական համագործակցության ծրագրերին` կողմերը քննարկեցին ռազմական բժշկությանը, լեզվի ուսուցմանը, Ժանդարմերիայի կազմում ռազմական ոստիկանության կադրերի պատրաստմանն առնչվող հարցեր:
Սերժ Սմեսովն, իր հերթին, հայտնեց, որ շատ բարձր է գնահատում Հայաստանի ջերմ վերաբերմունքը իր երկրի նկատմամբ և փաստեց երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը` վկայակոչելով Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում կազմակերպված աննախադեպ` շուրջ 850 միջոցառումները:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մամուն Հարիրիին: Կողմերն անդրադարձան երկու երկրների միջև քաղաքական-տնտեսական հարաբերություններին` կարևորելով համագործակցությունը ռազմական ոլորտում:
Քննարկվեցին տարածաշրջանային, նաև ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: