Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի և Բուլղարիայի դեսպաններին
3 July, 2007 00:00Ս.թ. հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Հուն Ցզյունին և ռազմական կցորդ, ավագ գնդապետ Մա Յուն Բաոին:
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Մ.Հարությունյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Նախարարն իր հերթին շնորհավորեց նորանշանակ դեսպանին նոր նշանակման համար` հույս հայտնելով, որ երկուստեք համագործակցությունը կլինի առավել արդյունավետ և հաջողություն մաղթեց նրան` Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում երկկողմ հարաբերություններին և դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր:
Կողմերն անդրադարձան նաև ռազմական կրթության բնագավառում ունեցած ձեռքբերումներին, մասնավորապես ՉԺՀ-ի ռազմաուսումնական հաստատություններում ՀՀ ԶՈՒ սպաների ուսմանն առնչվող խնդիրներին:
Նշենք, որ վերոնշյալ ռազմաուսումնական հաստատություններում արդեն սովորել և ավարտել է ՀՀ ԶՈՒ 29 սպա: Ներկայումս ՉԺՀ-ում ուսանում է 2 հայ սպա:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիմիտրովին:
Պարոն Ս.Դիմիտրովը շնորհավորեց Մ.Հարությունյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպես նաև նախարարին հանձնեց Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարար, պարոն Վեսելին Բլիզնակովի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի գործընկեր,
Ինձ համար հաճույք է Ձեզ հղել անկեղծ շնորհավորանքս` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Մեր երկու երկրների զինված ուժերն ունեն բազմամյա համագործակցության պատմություն: Վստահ եմ, հարգելի պարոն նախարար, որ Ձեզ հետ միասին կշարունակենք աշխատել հանուն բանակաշինության ոլորտում փոխներգործության լավ ավանդույթների ամրացման ու ծավալման և մեր գործունեությունը կուղղենք երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության ամրացմանը` միտված տարածաշրջանային և համընդհանուր անվտանգության նվաճմանը:
Ցանկանում եմ Ձեզ հաջողակ և արդյունավետ աշխատանք»:
Շնորհակալություն հայտնելով, Մ.Հարությունյանը դեսպանին փոխանցեց Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարարի` Հայաստան պաշտոնական այցի հրավերը:
Ս.Դիմիտրովը նախարարին տեղեկացրեց, որ ս.թ. սեպտեմբերի առաջին կեսին Հայաստան կժամանի Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ ռազմական կցորդը, որի նշանակումը կխթանի երկու երկրների ռազմական համագործակցությանը:
Կողմերն անդրադարձան ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի: