Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրենին
4 July, 2007 00:00Ս.թ. հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Րինա Պանդեյին:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ՀՀ և Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության մտադրությունների մասին 2003 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրում ընդգրկված հարցերին, ըստ որի հնդկական կողմը Հայաստանին առաջարկում է Հնդկաստանի ռազմաուսումնական հաստատությունների մի շարք դասընթացներում մասնակցություն ունենալու ցանկության դեպքում տրամադրել տեղեր: Տիկին դեսպանը հայտնեց նաև, որ սիրով կընդունի դասընթացներին մասնակցելու վերաբերյալ առաջարկությունները:
Հայ-հնդկական դիվանագիտական, առևտրատնտեսական, մշակութային հարաբերություններում զգալի առաջընթաց արձանագրելով, կողմերը փաստեցին պաշտպանական բնագավառում համագործակցության անհրաժեշտությունը ևս, մասնավորապես ռազմատեխնիկական, ռազմական կրթության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ, դեսպանը նշեց, որ, չնայած Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հաճախականությանը, այնուամենայնիվ հայկական կողմը հակված է վերոնշյալ խնդրի խաղաղ կարգավորմանը: Քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Հանդիպման սկզբում նա շնորհավորեց Մ.Հարությունյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, հատկապես` ռազմական համագործակցության ոլորտում, ԱՄՆ-ի օգնությանը Հայաստանին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Արփի Վարդանյանը նախարարին ներկայացրեց Հայաստանին և ԼՂՀ-ին առնչվող զարգացումներն ԱՄՆ-ում: