Սկսվեց նորաթուխ սպաների բաշխման գործընթացը
7 July, 2007 00:00Ս.թ. հուլիսի 7-ին, ՀՀ պաշտպանության նախարարության մեծ դահլիճում սկսվեց ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների` ըստ ծառայության վայրի բաշխման գործընթացը:
Նորաթուխ սպաներին, ծնողներին և հյուրերին ողջունեցին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը:
Նախարարն իր խոսքում նշեց, որ հանդիսավոր է այս օրը, քանզի յուրաքանչյուր սպա վիճակահանությամբ ինքն է որոշելու, թե որտեղ է ծառայելու. «Սա մասն է կազմում հայկական բանակում իրականացվող բարեփոխումների: Յուրաքանչյուր սպա ծառայելու է ինչպես սահմանամերձ, այնպես էլ կենտրոնական զորամասերում` ապահովելու համար սպայի զինվորական մասնագիտական աճը: Գործընթացը շարունակական է. վիճակահանությամբ է որոշվելու ոչ միայն Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, այլև արտերկրների ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ծառայության վայրը»: Նախարարը հաջողություն մաղթեց երիտասարդներին` սպայական գործը պատվով իրականացնելու գործում:
Իսկ բաշխման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանն իր խոսքում կարևորեց սպայի դժվարին և պատվաբեր առաքելությունը. «Մենք փափագել ենք հայկական բանակ, հայկական զինվորական դարբնոց ունենալու երազանքը, ձգտել, որ հայ երիտասարդը ուսանի հայկական ռազմական ուսումնական հաստատությունում: Մեր երազանքն իրականացել է: Հայկական ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպան լավ է ղեկավարում իրեն վստահված զորքը, դասակը, որովհետև մեր ռուհերում շեշտը դրվում է ինչպես սպայի տեսական, այնպես էլ կամային, ֆիզիկական, շարային պատրաստվածության վրա»:
Գեներալ-գնդապետ Ս.Օհանյանն առաջարկեց այսուհետ գործընթացն իրականացնել շրջանավարտների ավարտական քննություններից մինչև ավարտական դիպլոմներ ստանալն ընկած ժամանակահատվածում, որպեսզի, ինչպես ոչ հեռավոր անցյալում, սպան իր` ծառայության վայր մեկնելու կարգադրագիրը ստանալուն պես ինստիտուտից մեկնի զորամաս:
Գործընթացը շարունակվում է. հերթը արտերկրների ռուհերն ավարտած շրջանավարտներինն է: