Զորավարժություններ ԼՂՀ Պաշտպանության Բանակում
15 September, 2007 00:00Ս.թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ներկա գտնվեց Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 5-15-ը անցկացվող ԼՂՀ պաշտպանության բանակի միավորումներից մեկի պլանային վարժանքին: Հրամանատարաշտաբային զորավարժությունների մարտական հրաձգության փուլին ներկա էին նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայական կազմի ներկայացուցիչներ:
Միքայել Հարությունյանը վարժանքների ավարտին հայտարարեց, որ երկու խնդիրներին էլ, որ ունի յուրաքանչյուր զորավարժություն՝ ուսումնական և փորձնական, հաջողվել է հասնել։
«Մենք զորավարժության արդյունավետ և մարտականին մոտեցված պայմանների ականատեսը եղանք, որտեղ ողջ կազմով մասնակցեց Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամիավորումներից մեկը՝ ուժեղացված ավիացիայով և այլ միջոցներով»,- ասաց նա։
Նախարարի խոսքերով, զորավարժության թեման` զորամիավորումը լիակատար մարտական պատրաստվածության բերելն է, պաշտպանական և հարձակողական մարտեր վարելը։
«Զորավարժության ընթացքում ստեղծվեց ժամանակակից մարտին հատուկ բարդ իրավիճակ, որտեղ իրենց տեղը գտան հրամանատարներից ինքնուրույն և համարձակ որոշումներ պահանջող արդարացված ռիսկի տարրեր: Զորավարժությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Պաշտպանության Բանակը պատրաստ է կատարել Արցախի պաշտպանության ուղղությամբ իր առջև դրված խնդիրները։»,-ընգծեց ՀՀ պաշտպանության նախարարը։
Նա նշեց նաև, որ սեպտեմբերի 5-15-ը անցկացված 10-օրյա զորավարժության ընթացքում, չնայած, որ մասնակցում էին հազարավոր զինծառայողներ և ռազմական տեխնիկայի հարյուրավոր միավորներ, չի գրանցվել ոչ մի դժբախտ պատահար, ինչը վկայում է հրամկազմի կողմից զորավարժության լավ կազմակերպման մասին։