ՀՀ զինված ուժերում հետախուզության կազմավորման 15 – րդ տարեդարձն է
5 November, 2007 00:00Ս.թ. նոյեմբերի 5-ին ռազմական հետախուզության օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց Նուբարաշենի հատուկ նշանակության գունդ, որտեղ անցկացվեցին ցուցադրական միջոցառումներ՝ հետախուզական և հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ։
Ինչպես Հետախույզի օրվա տոնակատարության ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, հայ հետախույզները անցած տարիների ընթացքում արժանացել են ամենաբարձր մարտական պարգևների։
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ սպաների և զինծառայողների առջև, որոնք իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար։ Այժմ, իհարկե, ձեռք է բերվել հարաբերական խաղաղություն, սակայն զինծառայողի, և, առավել ևս, հետախույզի համար հանգիստ ծառայություն չի լինում»,-ասաց նա։
Նախարարը նկատեց, որ հայկական հետախուզությունը մշտապես շարունակում է իր առանձնահատուկ ծառայությունը և լիովին համակարգում է իրավիճակը տարածաշրջանում՝ կանխատեսելով թշնամական ծրագրերի բոլոր ուղղություններն ու փուլերը։
«Մեր հետախույզները մեծ ներդրում ունեն Հայաստանի առջև ծառացած վտանգների կանխման գործում։ Այսօր ես տեսնում եմ ինչպես մարտական փորձ ունեցող և ամենահայտնի հետախուզական կենտրոններում պատրաստություն անցած հետախույզներ, այնպես էլ վճռականությամբ լի երիտասարդություն»,-ասաց Միքայել Հարությունյանը։
Առաջադրված խնդիրների կատարումը հետախույզների կողմից նախարարը գնահատեց «լավ». «Ասում եմ լավ, որպեսզի ձզտենք հասնել «գերազանցին »: Համոզված եմ, որ շարունակական կլինի այն, ինչ եղել է 90—ական թթ. սկզբներին։ Խորհրդային Միության ժամանակ նոյեմբերի 5—ը նույնպես նշվում էր որպես Հետախույզի օր, և 1992թ. մենք որոշեցինք չփոխել այդ ամսաթիվը»,–ավելացրեց պաշտպանության նախարարը։
Նախարարի խոսքով՝ գնդի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ չեն մոռացվել հերոսները, որոնք 90—ականների սկզբին կատարում էին իրենց առաջ դրված խնդիրները։
Գնդում կա ստորաբաժանում, որը ստեղծված է պայմանագրային հիմունքներով եւ արդեն կես տարի է ինչ գործում է։ Գունդն անցած 15 տարիների ընթացքում մշտապես արժանացել է «լավ» եւ «գերազանց» գնահատականների։
Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ - ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արշակ Կարապետյանը հավելեց, որ հետախուզության վարչությունը ցանկացած բանակի հզորության և մարտունակության հիմքն է։
«Այսօր հետախուզությունը վերափոխվել է, զորքերը՝ վերակազմավորվել, ստեղծվել են նոր ստորաբաժանումներ, որոնք հագեցած են ժամանակակից նորագույն հետախուզական միջոցներով։ Մեր սպաներն ու զինվորներն ամեն օր զարգացնում և բարձրացնում են մասնագիտական հմտությունները»,-ասաց նա։
Գնդապետ Կարապետյանը նկատեց, որ հետախուզության կայացման գործում իրենց դերն են ունեցել այն բոլոր հետախույզները, որոնք մասնակցել են տարբեր պատերազմների, հատկապես՝ աֆղանական և արցախյան պատերզամներին։
Նա հավաստիացրեց, որ հայկական հետախուզությունը իր մասով կանի ամեն հնարավորը` հայրենիքը պաշտպանելու համար:
Հետախույզի օրվա կապակցությամբ ցուցադրական զորավարժություններ անցկացրեցին ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ հետախուզական ստորաբաժանումները։
Մի շարք զինծառայողներ նախարարի հրամանով արժանացան մեդալների եւ խրախուսական պարգևների։