Երևանում առաջին անգամ կայացավ կազակ ատամանների միջազգային միության վարչության նիստը
28 November, 2007 00:00Ս.թ. նոյեմբերի 26-ին Երևանում, Մոսկվայի տանը, առաջին անգամ կայացավ կազակների միջազգային միության վարչության նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մերձդնեստրի, Աբխազիայի, Ղրիմի և Հարավային Օսեթիայի պատվիրակությունները:
Նիստի ընթացքում քննարկվեցին ինչպես օրակարգային, այնպես էլ իշխան, գեներալ Վ.Մադաթովի ծննդյան 225 ամյակի առթիվ Հայաստանում անցկացվելիք միջոցառումներին առնչվող հարցեր: Ինչպես նաև ստորագրվեց համագործակցության և փոխօգնության վերաբերյալ հուշագիր նիստի մասնակից պետությունների միջև:
Ըստ Ուկրաինայի միջազգային հավաքական կազակների հեթման, կազակների բանակի գեներալ Անատոլի Պոպովիչի, այս հուշագիրը ենթադրում է համագործակցություն տաբեր ոլորտներում:
Հայկական կազակների միջազգային միության (ՀԿՄՄ) ատաման-գնդապետ Վլադիմիր Խաչատրյանը նշեց, որ ՀԿՄՄ-ի նպատակն է նպաստել երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ստեղծմանը և զարգացմանը` կանխելով ազգամիջյան և այլ բնույթի որևէ հակամարտություն:
Իսկ համամարդկային բարեգործական միջազգային հիմնադրամի վարչության նախագահ, գեներալ-մայոր Սերգեյ Մադաթյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց արդեն իսկ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բուլղարիայում, Ղրղզստանում, Հայաստանում, Արցախում և ՌԴ-ի մի շարք մարզերում գործող հայկական կազակների միջազգային միության վարչության ներկայացուցչությունների գործունեությունը:
Համագործակցության և փոխօգնության վերաբերյալ հուշագրի շրջանակներում շքանշաններով և մեդալներով պարգևատրվեցին ինչպես ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, այնպես էլ Հայաստանում տեղակայված ռուսական զորախմբերի մի շարք բարձրաստիճան սպաներ: